Հայաստանի նման երիտասարդ ժողովրդավարության համար ազատ խոսքի իրավունքի պաշտպանությունն ավելի կարեւոր է, քան կառավարությանը կեղծ լուրերից պաշտպանելը։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, Քյոլնի տեխնիկական համալսարանում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով կեղծ լուրերի մասին հարցին։
«Վերջերս մենք կեղծ լուրերի թեմայով քննարկում ունեցանք Դավոսում։ Մենք բոլորս ընդունեցինք, որ գաղափար չունենք, թե ինչ կարող ենք անել այս խնդրի հաղթահարման համար։
Սակայն, Հայաստանի պես երիտասարդ ժողովրդավարությունների համար, կարծում եմ, ազատ խոսքի իրավունքի պաշտպանությունը ավելի կարեւոր է, քան կառավարությանը կեղծ լուրերից պաշտպանելը»,–նշել է նա։
Փաշինյանը շեշտել է՝ սխալ կլինի իշխանությունը օգտագործել կեղծ լուրերը սահմանափակելու համար, քանի որ այդպիսի դեպքերում մարդկանց ազատ խոսքի իրավունքը ոտնահարելու վտանգ կա.
«Կեղծ լուրերն այսօր լուրջ խնդիր են բոլոր երկրների կառավարությունների համար, սակայն մեր կառավարության եւ անձնապես ինձ համար, որովհետեւ հայաստանյան սոցցանցերում մեծ քանակությամբ կեղծ լուրեր կան իմ, իմ ընտանիքի, իմ գլխավորած կառավարության, մեր քաղաքական թիմի, ներկա վիճակի մասին, սակայն մեզ համար սխալ գայթակղություն կլինի մեր իշխանությունը օգտագործելը ինչ–որ մեկի խոսքի ազատությունը սահմանափակելու համար, որպեսզի մեր լսարանին հեռու պահենք կեղծ լուրերից»։