Սուրճի կանոնավոր օգտագործումը, նույնիսկ փոքր քանակությամբ, նվազեցնում է վաղ մահվան հավանականությունը, հատկապես սրտի կաթված տարած մարդկանց համար։ Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում անելով Օսակայի, Ցուկուբայի և Հոկայդոյի համալսարաններին:
Վերլուծվել են ավելի քան 46,000 ճապոնացի չափահաս մարդկանց տվյալներ: Փորձագետները արձանագրել են թեյի և սուրճի օգտագործումը, ինչպես նաև առողջության ընդհանուր վիճակն ու մահվան փաստերը:
Պարզվել է, որ շաբաթական առնվազն մեկ բաժակ սուրճ խմողների մոտ ցանկացած պատճառով մահվան վտանգը նվազել է 14%-ով: Սրտի կաթված տարածների համար վտանգը նվազել է 22%-ով: Միակ խումբը, որին, կարծես, սուրճի օգտագործումն օգուտ չի տվել, ինսուլտ տարած մարդիկ են եղել։ Տվյալ խմբի համար օգտակար է եղել կանաչ թեյը. օրական առնվազն 7 բաժակ թեյը 62% -ով նվազեցրել է վաղ մահվան հավանականությունը: Մարդիկ, ովքեր ինսուլտ չեն տարել, կանաչ թեյը առանձնապես օգտակար չի եղել:
Թեյն ու սուրճը, որպես կանոն, խմել են առանց կաթի և շաքարի: Հայտնի է, որ սուրճն ու թեյը հարուստ են ակտիվ միացություններով:
Ավելի վաղ հետազոտությունները պարզել են, որ թեյն իջեցնում է արյան ճնշումը ֆլավանոլների միջոցով: Իսկ սուրճը լի է հակաօքսիդիչ նյութերով, որոնք նվազեցնում են բորբոքումները և նվազեցնում սրտի հիվանդությունների հավանականությունը:
Թե՛ սուրճը, թե՛ թեյը պարունակում են որոշակի քանակությամբ կոֆեին, որը կարող է առողջության համար օգտակար հատկություններ ունենալ: Կոֆեինը տալիս է էներգիա և նպաստում առողջ նյութափոխանակությանը: Ճիշտ է, մեծ քանակության դեպքում այն կարող է դող և սրտխառնոց առաջացնել (անվտանգ չափաբաժինը օրական 5 բաժակ սուրճն է):