Վարչապետի կինն ու ԱԺ փոխխոսնակն այցելել են զոհված կամավորի ընտանիքին

Սակրավոր Արշակ Տոնոյանը պատերազմ էր մեկնել կամավոր, մասնակցել Հադրութի պաշտպանական մարտերին: Արշակը չհասցրեց տեսնել իր դստեր ծնունդը, սակայն անունը որոշել էր: Շիրակի մարզի Անուշավան համայնքում ապրող նրա ընտանիքին այցելել են վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Համարձակ ու իր խոսքի տեր. այսպիսին են ընկերները հիշում Արշակ Տոնոյանին: Արցախ հասնելու որոշումը կայացրեց առանց երկար-բարակ մտածելու։ Խորհուրդներ լսում էր, անելիքը՝ գիտեր։

Մասնագիտություններից շինարարությունն էր ընտրել ու շինարարի խաղաղ կյանքով էր ապրում։ Պատերազմից օրեր առաջ հոր հետ Սյունիքում էր։ Տուն էին կառուցում։ Պատերազմի բոթը լսելուն պես ծննդավայր չեկավ՝ ասում է հայրը։ Սեպտեմբերի 28-ին անմիջապես կամավորագրվեց։

Սկզբում զինվորագրվեց Ագարակում, որտեղ էլ աշխատում էր։ Ասել էին՝ կկանչենք։ Չսպասեց։ Շինարարարական խմբի տարբեր մարզերի ընկերներով ինքնուրույն հասան Հադրութ ու զբաղեցրեցին իրենց վստահված դիրքերը։ Արցախ մեկնելու մասին միայն հորն էր ասել։

Նորածին աղջկա անունը որոշեց՝ Աննա, բայց չտեսավ։ Արշակ Տոնոյանի զոհվելուց տասնչորս օր հետո ծնվեց փոքրիկը, որին այսօր տեսության էին այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը։

Երկնչող չէր՝ ասում է ընկերն ու հարսանիքի կնքահայրը։ Անվախ լինելու մասին պատմել են նաև Արշակի մարտական ընկերները։

Բանակում ծառայած տարիներին սակրավորի վտանգավոր մասնագիտությունն էր ընտրել։ Ընկերոջ խոսքով՝ ռիսկային իրավիճակներում միշտ առաջինն էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ