Տիգրան Ավինյանը չորեքշաբթի լրագրողներին պարզաբանել է, թե ինչի հաշվին է նվազելու գազի գինը հայաստանցի սպառողի համար։
Ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից սահմանի վրա բարձրացրել է գազի գինը Հայաստանի համար` մեկ խմ–ի դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, Հայաստանում ներքին սակագները կմնան անփոփոխ։
«Հայ սպառողի համար գազի գների պահպանման սուբսիդավորումը կիրականացվի ընկերության և մի քանի կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, որոնց հաշվին էլ ձևավորվում է գազի ներքին գինը», – ասաց Ավինյանը։
Դրանց թվում նա նշեց օպտիմալացումը, վերահաշվարկը, վերագնահատումը և կորուստներ վերանայումն ու շատ այլ ցուցանիշներ։ «Կարծում եմ` մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ կարելի է կատարել օպտիմալացում», – ասաց Ավինյանը։
Նա նաև նշեց, որ բանակցություններն այս ուղղությամբ շարունակվում են, և դեռևս գործում են բոլոր պայմանավորվածությունները, որոնց մասին արդեն խոսվել է։
«Բանակցություններն ընթանում են, և հենց հայտնի դառնան մնացած ցուցանիշներն ու նոր սակագնի գործողության ժամկետները, մենք կտեղեկացնենք հանրությանը», – ասաց Ավինյանը։