Ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկովյան այցի մասին հրապարակումների գերակշիռ մասում հիշատակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ռուսական մեդիան Քոչարյանի կալանավորումը հիշատակել է Հայաստանի հեղափոխական իշախնության և Կրեմլի միջև առկա լարվածության համատեքստում։
«Նեզավիսիմայա գազետա»ն, օրինակ գրում է, որ ՀՀ-ում «թավշյա հեղափոխությունից» հետո Մոսկվան Երևանից հավատարմության՝ վստահություն ներշնչող ապացույցներ է ակնկալում: Հեղինակը նշում է, որ թեև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում լարվածության առկայությունը, այնուհանդերձ՝ կան հստակ պատճառներ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել՝ Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այդքան էլ անամպ չեն:
«ՆԳ»-ի քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմը դեռևս բավարար աստիճանի չի վստահում ՀՀ նոր իշխանություններին: «Որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ Չինաստանի կամ Շվեդիայի հետ ռազմա-առևտրային հարաբերություններ հաստատելու փորձերի վերաբերյալ, իհարկե, աննկատ չեն մնացել Մոսկվայում:
Ռուս-հայկական հարաբերություններում վստահության մակարդակի բարձրացմանը չէին կարող նպաստել նաև ՌԴ-ին պատկանող սուբյեկտներում ստուգումները: Պետք չէ նաև մոռանալ ռուսական քաղաքական և բիզնես շրջանակների հետ կապված նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի մասին:
Դրանցից ամենակարևորը ՀՀ 2-րդ նախագահ, բազմաթիվ աղբյուրների պնդմամբ, Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է»,- գրում է հեղինակը: