Նատալիա Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանը հանդիպել է երգչուհու հետ և նրան հայերեն մի քանի բառ է սովորեցրել:
«Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Նրանց շնորհիվ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք մեծ դժվարությամբ և մեծ ջանքերի գնով կարողացել էին կազմակերպել մեր վիրտուալ զրույցը: Խոսեցինք, երգեցինք ուղիղ եթերում: Այդ ամենն իրականում հեքիաթի էր նման»,- պատմել է հայ երկրպագուն:
Վիրտուալ զրույցից հետո հայ երկրպագուն շարունակել է կապ պահպանել ուրուգվայցիների և ռադիոյի հետ: Այդ ընթացքում Հարութը պարբերաբար հանդես է եկել ռադիոյի տարբեր եթերների ընթացքում: Ռադիոյի միջոցով էլ 2017-ին հայտնվել է Արգենտինայում և Ուրուգվայում: Արգենտինայում երկրպագուն այցելել է Օրեյրոյի «Las Oreiro» խանութը, իսկ Ուրուգվայում նրան անակնկալ է սպասվել:
«Ուրուգվայում այցելել եմ բոլոր այն վայրերը, որոնք կապված են Օրեյրոյի հետ: Այցիս ամենաստացված ու գեղեցիկ անակնկալը Նատալիա Օրեյրոյի հետ հանդիպումն էր: Տեսնվեցինք նրա ստուդիայում: Ինձ համար անակնկալներ էր պատրաստել: Սկզբում դիմավորելիս իր երաժիշտների հետ երգեցինք իմ ամենասիրելի երգը, որը միասին կատարել էինք եթերում մեր վիրտուալ զրույցի ընթացքում»,- հիացմունքով պատմել է Հարութը: