Տևական ընդմիջումից հետո բարձրագույն ուսումնական հաստատությունները բացել են դռները

Դպրոցն ուսանողական լսարանով փոխել, բայց այդպես էլ նորմալ դաս չի արել: Լենան Մայր բուհի նորեկներից է: Փողոցում կուրսեցիներին ու դասախոսներին տեսնի, չի ճանաչի: Զումով օրը մի քանի ժամ պարապել, բայց այդպես էլ չի համակերպվել հեռավար ուսուցմանը:

Լենա Գյուլումյան, ԵՊՀ ուսանող — Անկեղծ ասած՝ հեռավար ընդհանրապես չենք կարողանում սովորել, քանի որ անհետաքրքիր է անցնում:

11 ամիս հետո բարձրագույն ուսումնական հաստատությունները բացել են դռները: Լսարաններում ու միջանցքներում համալսարանական կյանքը եռում է: Մեկը դիմակով, մյուսն առանց դիմակի: Ասում են՝ էական չէ, կարևորը մարդկային շփումն է:

Պրոֆեսոր Մարատ Գրիգորյանն աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ղեկավարում է 40 տարի անընդմեջ ու չի հիշում մի դեպք, որ բուհում կյանքը կանգ առներ: Ինքը պետհամալսարան ամեն օր է եկել, դատարկ լսարաններով շրջել ու երանի տվել:

Մարատ Գրիգորյան, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան — Համալսարանը նման էր մի լքյալ դղյակի, որտեղ կար հոյակապ կառույց, բայց չկային մարդիկ, շունչ չկար: Համալսարանն այդպիսին էր, իսկ դա վտանգավոր էր: Սա ամենալավագույն միջոցն էր, որ ուսպրոցեսը կազմակերպվեր, հակառակ դեպքում՝ մենք շատ հետ կընկնեինք և հետագայում մեծ դժվարություն կլիներ վերականգնելու բաց թողածները:

Կրթությունն առկա, թե հեռավար՝ սովորող ուսանողի համար նշանակություն չունի՝ վստահեցնում է Իվետան: Իր համար առցանց կրթությունը ձեռնտու էր, թեյը ձեռքին դասերը տանն արեց, տուն չվարձեց ու ավելորդ ծախսից խուսափեց:

Իվետա Տոնոյան, ԵՊՀ ուսանող — Նույնիսկ շաբաթվա մեկ օրը չանցկացվեց առկա և այդպես ավելի ձեռնտու էր: Ինձ համար օնլայն հարթակը շատ օգտակար էր, որովհետև ճանապարհի գնալ-գալը երկար հոգնածություն էր:

Ուսանողական կյանքը եռում է նաև բժշկական համալսարանում: Այսօր դասի է հաճախել ապագա բժիշկների 80 տոկոսը: Բուհի աշխատակազմի ղեկավարը հեռավար կրթության մասնակցությունից գոհ է, բայց նույն կերպ շարունակել չէին կարող:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ