«Հեղափոխությունից հետո ռազմական բյուջեն ավելացել է 23%-ով». վարչապետը՝ մեղադրանքների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ հավանականություն և հնարավորություն կա ապացուցել, պարզել, դիտարկել պատերազմի մասին ողջ ճշմարտությունը: Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում կառավարության ղեկավարն ասել է, որ այդ գործընթացը հիմա տեղի է ունենում:

«Թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունենում վերլուծական աշխատանք, որը շատ կարևոր է: Իհարկե, նաև տեղյակ եք, որ 1000-ից ավել քրեական գործ կա ամենատարբեր առիթներով: Սա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 գործերը կգնան դատարան և դատավճիռ կլինի: Բայց ես նկատի ունեմ, սա ուսումնասիրության գործընթաց է, որն արդեն տեղի է ունենում:

Տեսեք, օրինակ, փաստեր, որոնք հրապարակային են և որոնք կարող ենք դիտարկել: Օրինակ՝ 2019 թվականին 2018 թվականի համեմատ առաջին անգամ մեր կառավարությունը ներկայացրել է պետական բյուջե: Եվ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով, պաշտպանական, ռազմական ծախսերն ավելացել են: Մեր առաջին գործողություններից մեկը եղել է հենց Զինված ուժերի մարտունակության բարձրացումը»,-  ասել է վարչապետը:

Հարցին՝ որովհետև գիտե՞ր, որ պատերազմն անխուսափելիորեն հասունանում է, Նիկոլ Փաշինյանն ասել է. « Գիտեք, այսօր կարող ենք հետահայաց նայել և տեսնել, օրինակ, ինչ էր ասում մերժվածը 2018թ. ապրիլին: Նա, ըստ էության, ասում էր, որ բանակցային գործընթացը կանգնած է և որ այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձելու լուծել հարցը: Այսինքն՝ փակուղում է բանակցային գործընթացը, և այլևս հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Այսինքն՝ մինչև վերջ դեռ կարելի էր հույս ունենալ: Բայց դրանից հետո այլևս չի կարելի հույս ունենալ: Բայց եկեք, ընդհանուր առմամբ, նայենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, թե մենք ինչ փուլերով ենք անցել»,- ասել է Փաշինյանը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը շեշտել է, որ սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: «Եվ նրանք, ովքեր պնդում էին, թե նման փոփոխություն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են: Բայց շատ կարևոր է արձանագրել, իսկ ի՞նչ է ասել Գլխավոր շտաբի նախկին պետը: Շատ լավ, մենք գրում ենք, որ պետք է գնենք: Իսկ ո՞վ է, որ մեզ վաճառելու է այն որակյալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է: Սա նույնպես կարևոր հարց է: Եվ այդ տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից և այլն, և այդպես շարունակ: Շատ կարևոր արձանագրում. օրինակ, տեսեք, վարչապետ ընտրվելուց հետո, ես ի՞նչպիսի քայլեր եմ ձեռնարկել բանակի և զինված ուժերի նկատմամբ: Վարչապետ եմ դարձել հեղափոխությամբ: Եվ ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում: Պաշտպանության նախարար եմ նշանակել մի մարդու, ով մերժվածի իշխանության օրոք երկար տարիներ եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և միակ մարդն է եղել, որ 2018թ. մերժվածի կառավարությունում ունեցել է նախարարի կարգավիճակ ու իմ կառավարությունում նույնպես շարունակել է ունենալ նախարարի կարգավիճակ»,- ընդգծել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ