Երևանցիները հնարավորություն կստանան քաղաքապետարան ներկայացնել քաղաքի բարեկարգման մասին իրենց առաջարկներն ու նախագծերը և ստանալ պարգևատրում, երեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երևանի քաղաքապետարանը բյուջեից կհատկացնի 1մլն դոլար քաղաքի բարեկարգման ուղղված նախագծերին և գաղափարներին, որոնք կներկայացվեն երևանցիների կողմից։ Հատուկ դրա համար կձևավորվի առցանց հարթակ, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա ոչ միայն ներկայացնել իր նախագիծը կամ առաջարկել գաղափար, այլև քվեարկել դուր եկած նախագծի համար», – ասաց նա։
Մարությանը նշեց, որ հարթակում ներկայացված նախագծերը, որոնք քվեարկության արդյունքներով կստանան առավել մեծ թվով երևանցիների հավանությունը, կիրագործվեն։
Երևանի քաղաքապետը նաև ընդգծեց, որ քվեարկությունը կընթանա բաց, և դրա արդյունքների կեղծման որևէ հնարավորություն կամ ֆեյքային քվեարկություն չի լինի։
«Քվեարկությանը մասնակցող անձը պարտավոր կլինի նշել իր անձնագրի տվյալները, ինչը կապահովի ողջ գործընթացի ազնվությունն ու թափանցիկությունը», – ասաց նա։
Մարությանը նաև նշեց, որ հատկացված ողջ գումարը կբաշխվի նախագծերի միջև` ըստ իրենց նշանակության և իրագործման արժեքի։