Յուրացման եւ ապօրինի զենք–զինամթերք պահելու համար մեղադրվող Մանվել Գրիգորյանի փաստաբանները բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին ասաց Մանվել Գրգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Վարույթ իրականացնող մամինը եւ դատախազությունը իրենց համախոհ ցուցարարների հետ միասին արեցին ամեն ինչ, որ գործը հասնի ՄԻԵԴ։
Մանվել Գրգորյանի գործով մենք 2-3 դրվագով ՄԻԵԴ դիմելու առիթ ունենք՝ մեկը առողջության հետ կապված խնդիրները, երկրորդը՝ 5-րդ հոդվածի հետ կապված խնդիրները, այսինքն՝ իմանալու, թե ինչի մեջ է մեղադրվում անձ, մեղադրանքը դեռեւս հստակեցված չէ, թե ումից ինչ է յուրացրել, իսկ այդ յուրացումը շուտասելուկ չէ, եւ երրորդը՝ մենք համարում ենք, որ գրավով ազատ արձակելու իրավունքը եւս Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունք է, սակայն այդ իրավունքը փողոցի ճնշումների կողմից ուղղորդվող դատավորի կողմից խախտվել է։
Խնդիրը միայն Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված չէ, երեկ էլ մի կալանավոր մահացավ քրեակատարողական հիմնարկում եւ կարծես թե ներկայիս գործող դատախազը եւ քննչական մարմինների ղեկավարները առանձնակի ուշադրություն չեն դարձնում, իրենց թվում է, թե սա կարող է սովորական երեւույթ դառնա»,– ասաց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ հետհեղափոխական Հայաստանում նոր տենդենց է տարածվել՝ բողոքարկել գրավով ազատ արձակելու որոշումը, սակայն իր կարծիքով՝ մարդու իրավունքի կոպտագույն խախտում է տեղի ունենում. «Սա օգտագործվում է ոչ թե արդարադատություն իրականացնելու համար, այլ ընտրովի արդարադատության միջոցով ինչ–որ հաշվեհարդար իրականացնելու համար»։