Ինչ-որ անձինք այսօր զանգել են պատերազմից հետո Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված եւ Հայաստանում ապաստանած անձանց եւ վաղը նրանց կանչել Հանրապետության հրապարակ՝ «իրենց տների հարցը լուծելու»: Տեղեկությունը մեզ հայտնեցին քաշաթաղցիները՝ ընդգծելով, որ իրենք համոզված են՝ հրավիրողները վարչապետի հրաժարականը պահանջող 17 ուժերն են, ուզում են իրենց խնդիրներն օգտագործել, իրենց ներքաշել քաղաքական գործընթացների մեջ:
«Ամեն մեկին թվացել էր, թե միայն իրեն են զանգել: Այսօր մենք Ֆրանսիայից օգնություն ստանալու համար պիտի հերթագրվեինք, հավաքվել էինք մեր խնդիրներով զբաղվող կենտրոնում եւ այնտեղ իմացանք, որ բոլորին էլ զանգել են: 50-60 հոգի մարդ կար, զարմացել էին, թե որտեղից իրենց համարները այդ մարդկանց: Նրանք զանգել են բոլորին, չեն ներկայացել, ասել են եկեք, տուն-տեղ եք կորցրել, պահանջեք թող տուն տան»,- մեր զրույցում պատմեց տարօրինակ հեռախոսազանգը ստացած քաշաթաղցիներից մեկը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները իրենց բոլոր խնդիրներով զբաղվում են եւ իրենք չեն պատրաստվում որեւէ հանրահավաքի մասնակցել:
«Իրենք մտածում էին, որ մենք Արցախից ենք եկել, ամեն ինչ կորցրել ենք, հիմա հեշտությամբ մեզ ոտքի կհանեն: Իրենք գիտեն, որ մենք տան խնդիր ունենք, էն կետին են խփում, որ թույլ է քաշաթացիների մոտ: Բայց մեծ մասը հասկացել էր, որ սա քաղաքական խաղ է, մեզ օգտագործում են: Շատերն ասում էին, որ հազիվ ենք 30 տարվա ստրկությունից դուրս եկել, ազատագրվել ենք: Ոչինչ, որ էսօր տուն չունենք, 5 տարի հետո կունենանք: Գիտեն թե Ղարաբաղում ենք ապրել, ձորերում, ոչ մի բան չենք հասկանում: Մենք շատ լավ գիտենք, որ մեր հողերը 30 տարի ծախված ա եղել, ծախել են Սերժն ու Քոչարյանը, բոլորն էլ գիտեն: Նիկոլ Փաշինյանը մեր աչքերը բացել ա, կարողանում ենք իրարից տարբերել ճիշտն ու սխալը: Փառք աստծո ամեն ինչ գիտենք, մեզ խաբելը դժվար է»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ վաղը ժամը 15:00-ին Հանրապետության հրապարակում հաբնրահավաք է հրավիրվել: Հանրահավաքի կազմակերպիչներն այս անգամ 17 ուժերը չեն, համենայնդեպս ֆորմալ առումով:
Նախօրեին, անդրադառնալով Բանակի կազմավորման օրը հրավիրված հանրահավաքին՝ դրա նախաձեռնողներից, բժիշկ Գեւորգ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ինչ վերաբերում է առաջիկա միջոցառմանը, որը տեղի կունենա այս հինգշաբթի, ինձ մոտ ձեւավորվել է հետեւյալ վերաբերմունքը. շատ մարդիկ չէին գալիս 17 քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքներին, քանի որ ասում էին, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, կազմակերպվել է տարբեր կուսակցությունների կողմից եւ այլն… Այսինքն ՝ նրանք փորձում էին պաշտպանվել այս ապաքաղաքական վահանով»:
Գրիգորյանն ասել է, որ ոչ մի քաղաքական ուժ կանգնած չէ հինգշաբթի օրվա միջոցառման կազմակերպման հետեւում, մշակութային գործիչներ են: