Թորոսի «Աղաջանյան» ճամբարում 8 ընտանիք է ապրում

Թոռներին գրկած Աղավնագետով կնոջ ու հարսի հետ փախավ ադրբեջանցիների հարձակումից: Անահայտության ուղին ընտանիքին Շիրակի մարզ բերեց: Մինչ օրս Վուրգավանցի 59-ամյա Կարապետ Կարապետյանը սարսափով է հիշում կատարվածը:

Վուրգավան համայնքը Քաշաթաղի շրջանի այն 52 գյուղերի թվում է, որոնք անցան Ադրբեջանի տիրապետության տակ: Արցախի հերոս Վուրգ Ոսկանյանի անունը կրող և 40 ընտանիք ունեցող գյուղը հիմա հողին է հավասարված, վուրգավանցին էլ մնացել է անգյուղ ու անտուն:

Ժամերի ընթացքում ամեն ինչից զրկված ընտանիքը կարոտով է հիշում սեփական գյուղն ու տունը: Այսօր էլ հետևում են Ադրբեջանի տիրապետության տակ անցած իրենց Վուրգավանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Գյուղն ավերված է, Խնձորեսկից ու Տեղից հեռադիտակով ենք տեսել, տանկերով մտել, տներն ավիրել են։ Հիմա այստեղ ենք, բայց այստեղ էլ ապագա չենք տեսնում։ Այսօր մարդիկ մեզ այստեղ պահեցին, բայց հետո, հետոյի մեջ ապագա չեմ տեսնում` ո՛չ տուն ունեմ, ո՛չ տեղ: Պետությունը կհոգա՞, տուն կտա՝ էդ էլ իրանց խղճին: Այսպես անորոշության մեջ ենք: Շնորհակալ ենք այս մարդկանցից, նույնիսկ երեխաների ժամանցն են կազմակերպում, բայց որքան կարող ենք այս հյուրընկալությունը չարաշահել: Մի բան լիներ մեր բնակության հարցը լուծվեր. ելնեինք աշխատեինք»,-ասում է Կարապետ Կարապետյանը:

Արցունքն աչքին հիշում է, որ ադրբեջանցիներին է թողել ոչ միայն տունը, այլ նաև տարիների ստեղծած ապրուստը՝ անասուններ, այգիներ: Ընտանիքի հետ հիմա ժամանակավոր բնակություն է հաստատել Շիրակի մարզի Թորսգյուղում: Ավելի հստակ Թորոսի Աղաջանյան ճամբարում:

Կարապետյանների հետ ճամբարում հոկտեմբերի 1-ից բնակություն է հաստատել ևս 7 ընտանիք: Բոլորն ադրբեջանական տիրապետության տակ անցած գյուղերից են:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Հայ Կաթողիկե եկեղեցու հետ համատեղ, իր վրա է վերցրել այդ 8 ընտանիքի կեցության հարցը՝ լուծելով սննդի, հիգիենայի, առողջապահական և առաջնային այլ հարցեր:

«30 անձի մասին է խոսքը: Ծրագիրը ֆինանսավորվում է Œuvre d’Orient կազմակերպության կողմից: Ծրագրի վերջնաժամկետը մայիսի 21- է, անհրաժեշտության դեպքում, սակայն, հնարավոր է նաև երկարաձգվի: «Հայկական Կարիտասն» այն կազմակերպություններից էր, որն անմիջապես օգնության ձեռքը մեկնեց հակամարտությունից տուժած անձնաց: Տարբեր դոնոր կազմակերպությունների ու անհատ անձանց աջակցությամբ հումանիտար ծրագրեր իրականացվեցին Շիրակի, Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերում և Երևանում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Հայկական Կարիտաս»-ի հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը:

Իրականացվող ծրագրերը տարբեր են: Դրանցում ընդգրկվում են ոչ միայն Ադրբեջանին անցած գյուղերի տեղահանված արցախցիներն, այլ ընդհանրապես հակամարտությունից տուժածները:

Ըստ Մխոյանի, 2020 թվականի հոկտեմբերից մինչ օրս «Հայկական Կարիտաս»-ն աջակցել է 6754 ընտանիքի: Այս պահին էլ աջակցության ծրագրերը շարունակվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ