Մեր նահատակված հերոսներից Գոռ Երմալովյանի ընկերոջ՝ Աբուլի հիշողություններն ու գրառումն անհնար է կարդալ առանց հուզվելու

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մեր նահատակված հերոսներից Գոռ Երմալովյանի ընկերոջ՝ Աբուլի հիշողություններն ու գրառումն անհնար է կարդալ առանց հուզվելու։ Որոշեցի այն տեղադրել փոքրիկ խմբագրական միջամտություններից հետո։ Փառք մեր հերոսբներին։

«Ասում են՝ հարազատ ընկերը դառնում է նաև հարազատ եղբայր։ Ես ուզում եմ պատմել, թե ինչպես իմ ընկերը իր կյանքը չխնայելով փրկեց իմ կյանքը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան մեզ տեղյակ էին պահել, որ թշնամու կողմից մեծաքանակ ուժ է մոտենում Ջրականի/Ջաբրայիլի ուղղությամբ և պետք է ամեն վարկյան պատրաստ լինեինք հարձակմանը։ Ամբողջ գիշեր հսկում էինք մեզ վստահված դիրքերը։

Գիշերային լռությունն ընդհատեց եղբայրս, ինձ նորից կյանք տված ընկերս՝ Գոռ Վարդանի Երմալովյանը․ «Տղերք, լսե՛ք, թե չեմ ասում․ չլինի մի զինվոր, որ վիրավոր դաշտում մնա։ Մարտը սկսելուց առաջ դա պիտի լինի մեր կապած առաջնային ու կարևոր պայմանը»։ Գոռն ականատես էր եղել տարբեր դավաճանություների, երբ որոշ հրամանատարներ զինվորին դաշտում թողել ու փախել էին, ու իր այդ ասելիքի պատճառը նաև դա էր։ Ապա շարունակեց․ «մե՛նք պիտի մեզ տեր կանգնենք, ամեն տղա ինքը պիտի՛ հույսն իր վրա դնի, մի սպասեք, իրար օգնեք»-ասելիքն ավարտեց Գոռը։

Լուսաբացին հարձակումն սկսվեց։ Գոռն իր БМП-ով անհավանական մարտերի էր մասնակցել։ Ամեն մարտից առաջ իր վարած զրահամեքենային նա դիմում էր «ջերյանս» դիմելաձևով ու նետվում մարտի։ Այդ անգամ էլ «հեծնեց ջեյրանին»․․․

Այդ օրվա մարտում ես ծանր վիրավորում ստացա ու հայտնվեցի թշնամու թիկունքում։ Հույսս կորցրել էի, որ կփրկվեմ։ Բայց գիտակցությունս վերստին վերադարձրեց մի միտք, պայքարելու մի ուժ ստացա՝ հիշելով Երմալովյանի խոսքերը՝ «տղերք, կհասնեք վիրավոր տղերքին, դաշտում զինվոր չմնա։»

Անցավ 7 ժամ։ Աննկարագրելի մարտ, որ անգամ սարսափ ժամրի ֆիլմերում չեինք տեսել։ Արդեն աստիճանաբար գալիս էի այն մտքին, որ այլևս ապրելու հույս չունեմ՝ ձախ ոտքս արնահոսում էր։ Երբ գլուխս բարձրացրեցի վիրավոր ոտքիս նայելու համար, հեռվում փոշու ամպ նկատեցի։ Ասես մեկն ինձ ասեր, որ քո հետևից են գալիս․․․
Գիտակցության եմ եկել Գոռի ձեռքերի մեջ․․․ Ասածս առաջին նախադասությունն էր՝ «Գոռ, գիտեի, որ կգաս ընկերս»։ Իսկ Գոռը կանչում էր մեր մյուս ընկերոջը, որի անունը նույնպես Գոռ էր․ «ջուր բեր, իմ բաժին ջուրը բեր Աբուլի ոտքը լվանանք․․․» Գլխավերևում կրկին կրակի տեղատարափ էր․․․․ Հուսահատությունից լացում էի ու դիմում փրկության եկած եղբորս՝ «Գոռ, ոտքս եմ կորցրել, լվանալ պետք չի, մեզ փրկի ստեղից․․․»։ «Ապե, կարող ա՞ ոտքը գտնենք․․․»;-հարցրեց Գոռն ու դիմեց մյուս Գոռին․ «բածինկայա Է երևում, բե՛ր․․․․»

Գոռը բերեց այն․ իսկապես ոտքս էր։ Հետո Երմալովյանը շրջվեց դեպի ինձ ու ասեց․ «Աբ, նեղվելու բան չունես։ Հեսա տանենք, Արտյոմը մի բան կանի (Արտյոմը մեր բժիշկն էր)։ Ինձ տեղափոխեցին Գոռի Ջերյանը (БМП), նա հասցրեց նախ զորամաս, այնուհետև հոսպիտալ։
Անցավ մեկ շաբաթ։ Գոռը կարողացավ մի անգամ այցի գալ․ «Ախպեր, չմտածես։ Ոտքիդ համար սաղ լավա լինելու,»- ասեց, ապա գլուխը կախեց ու գնաց։
Հետո իմացա որ Գոռը իր 6 ընկերների հետ այլևս չկա ու անհայտ կորածների ցուցակում են ։Չհավատացի, որովհետև Գոռին և մյուս տղերքին շատ լավ էի ճանաչում՝ իրանք չէին կարող կորել․․․․ Այդ օրվանից կյանքս դարձել է մղձավանջ․․․
Գոռ, ուզում եմ քեզ ասեմ, «ախպերս, կյանքս՝ կյանքիդ գնով էր։ Դու Սանասարի/Կուբաթլուի աստվածներից էիր։ Բժիշկ Արտյոմի հետ անհնարինն ու հնարավորն անում էիք, բոլոր վիրավոր տղերքին ապաքինում, կյանք էիք տալիս։ Ընկերս, քեզ ո՞նց կյանք տվող չեղավ։ Գոռ, ախպերս, ես էնքան ուժ չունեմ, որ ծնողներդ տեսնեն, որ ես ապրում եմ , իսկ դու՝ ոչ։ Բայց իմացի՛ր, Աբը եկել ա քո մոտ, ախպերս․․․ Գիշերն եմ եկել ու քո սիրած Ջաբրաիլի արծիվը երգել քո համար։ Գոռ, քեզ խոսք եմ տալիս՝ տղուս անունը Գոռ եմ դնելու և գալու եմ քո հերոս մամային ասեմ՝ ինձ կյանք տվողին նորից կյանք եմ տվել։ Բայց, ընկերս, քո մոտ կգամ, խոսք եմ տալիս, բայց ինձ կներես՝ մորդ աչքերին չեմ կարող նայել․․․»
Քո ընգեր ԱԲ🤟🤟🤟🤟🤜🤛,……

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ