Հայաստանի անկախացումից հետո մեծացել են նաև հայոց լեզվի հասարակական դերն ու կշիռը։ Այն դարձել է նաև ազգային գաղափարների և գաղափարախոսության արտահայտման, պետական շինարարության, բազմաճյուղ արդյունաբերության, բարձր զարգացած գյուղատնտեսության լեզու, իսկ արդի գիտատեխնիկական հեղաշրջման դարում՝ ժամանակակից գիտության և տեխնիկայի լեզու։
Հաղթահարելով իր ներքին որոշ թերությունները, կարգավորելով իր քերականական կառուցվածքը, հարստացնելով իր բառագանձը՝ հայոց լեզուն հիրավի ստանձնել է հայ ժողովրդի հաղորդակցման կարևորագույն միջոցի իր հիմնական դերը կյանքի բոլոր բնագավառներում։
Լեզվական տարրերի կատարելությամբ, կյանքի բոլոր բնագավառները ներթափանցելու և ներկայացնելու կարողությամբ, իր հասարակական և մշակութային դերով ժամանակակից հայոց լեզուն քայլում է աշխարհի խոշոր լեզուների հետ համընթաց։
Ժամանակակից հայերենի հիմնական միտումներն արդի փուլում ընթանում են նրա տարրերի կատարելագործման, ուղղագրության, ուղղախոսության, ձևաբանական որոշ իրակությունների (հոլովման, խոնարհման համակարգի որոշ զուգաձևությունների) միօրինակացման, միասնականացման և կարգավորման ուղղությամբ։