Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում չեղավ հանդիպում նախագահ Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Դմիտրի Մեվեդեւի հետ, ընդ որում ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ հանդիպումը եղել էր հայկական կողմի նախաձեռնությամբ:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ հունվարի 25-ին Պուտինի օրակարգը խիստ հագեցած է, իսկ Փաշինյանի հետ հանդիպման նախնական պայմանավորվածություն չկա եւ չի կարող ասել՝ արդյոք օրակարգը կփոխվի:
Փաստորեն, օրակարգը չփոխվեց, եւ Մոսկվա այցի շրջանակում Փաշինյանը չհանդիպեց Պուտինին: Այդ հանգամանքը Հայաստանում առաջացրել է հարցեր, բնականաբար դիտարկվելով «մերժման» համատեքստում, ինչն էլ իր հերթին մատուցվում է իբրեւ խնդրահարույց հարաբերության իրողություն:
Պուտինի հետ հանդիպումները հայ-ռուսական հարաբերության չափման միավոր են նախկին համակարգից, որը ՌԴ հետ հարաբերությունը վերածել էր վերադաս-ստորադաս բնույթի:
Այդ պարագայում իհարկե խնդրահարույց էր դիտվում, երբ «ստորադաս» կարգավիճակ ունեցող Հայաստանի ղեկավարին չէր ընդունում «վերադասը»: Հայաստանի քաղաքական կյանքում նույնիսկ կար մրցակցություն, թե ով է ավելի մոտ Պուտինին: Ավելին, օրինակ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչ այժմ էլ փորձում է կիրառել այդ հանգամանքն իր պաշտպանական մարտավարությունում: