Հայկական տեխնոլոգիան կիրառելով տիեզերագնացները կարող են ուսումնասիրություն կատարել Լուսնի վրա

Պրոտոնային մեր արագացուցիչը, պարզվում է, անաղմուկ իր գործն է անում՝ քաղցկեղով հիվանդների ախտորոշման համար ռադիոիզոտոպի փունջ է արտադրում, վստահեցնում են Ֆիզիկայի ինստիտուտից:

Գևորգ Քառյան («Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն) — Առաջին պացիենտները անցել են իրենց ստուգումը դեռ անցած տարի: Այժմ էլ այդ գործընթացը շարունակվում է:

Զուգահեռ, ցիկլատրոնն օգտագործելով մեկ այլ սրահում մասնագետները պատրաստվում են միջուկային ֆիզիկայի ուսումնասիրության: Կորոնան ու պատերազմն ապացուցեցին՝ տեխնոլոգիաները տիրել են աշխարհին, գիտություն զարգացնելը դարձել օրախնդիր՝ հայտարարում են Ալիխանյանի լաբորատորիայից, անոնսում՝ կոսմոլոգիայի ու աստղաֆիզիկայի իրենց կենտրոնում ժամանակային կարճ ինտերվալներ չափող գերճշգրիտ տեխնոլոգիա են մշակել: ՆԱՍԱ-ին առաջարկել այն կիրառել՝ 2024 թվականին Լուսնի հարավային բևեռի վրա տիեզերագնացներ իջեցնելիս:

Վահե Գուրզադյան («Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի առաջատար գիտաշխատող) — Մենք ներկայացրել ենք նախագիծ՝ ինչ պետք է անեն տիեզերագնացները Լուսնի վրա տվյալ տեխնոլոգիայով: Առաջարկը Հյուսթոնում քննարկման փուլում է: Տեխնոլոգիան ստեղծվել է, կրկնում եմ, մեր ազգային լաբորատորիայում, դա կարող է ունենալ նաև տարբեր կիրառություն՝ բժշկություն, ռազմարդյունաբերություն:

Ի դեպ, Գուրզադյանի թիմը Եվրոպայում էլ ներգրավված է արբանյակային ծրագրերից մեկում, որի ստացած արդյունքներն ազդում են GPS, «Գալիլեո» և ռուսական «Գլոնաս» համակարգերի վրա: Գիտությունը շարժվում է դեպի քվանտային տեխնոլոգիաներ և արդեն այսօր մտածում 20 տարի հետո օգտագործվելիք ավելի արագ ու բարդ խնդիրներ լուծող համակարգիչ հորինելու ուղղությամբ:

Արմեն Ալլահվերդյան («Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի առաջատար գիտաշխատող) — Եթե մենք հիմա զբաղվենք, շանս կունենաք՝ ոչ թե մեկն արտադրի, մենք բերենք, օգտագործենք, այլ մեր սեփական տեխնոլոգիան ունենալ:

«Արմենպրեսի» հյուրերը բողոքում են. գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու խոստումները միայն թղթի վրա են հրապուրիչ: Պետությունը փոխանակ երիտասարդին շահագրգռի գիտությամբ զբաղվել, նույնիսկ դրամաշնորհի մրցույթում տարբերություն է դնում, տարիքով աշխատակցի համեմատ քիչ գումար տալիս:

Վահե Գուրզադյան — Երիտասարդներին ուղղորդված պետք է ապահովել ֆինանսական մինիմումով:

Փողի խնդիրը երբեմն ստիպված են լինում իրենց կապերով լուծել: Այդպես եղավ նաև վերջերս. թթվածին արտադրող փչացած կայանը նորով փոխարինելու խնդրանքին արձագանքեցին միայն օվկիանոսի այն կողմից՝ ամերիկահայ բժիշկները:

Կրիոգեն հոսքագիծը Երևանում կլինի 5 ամսից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ