Վարչական 10 շրջաններում «կարմիր գծերը» կվերանան. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրինագիծը

ԱԺ-ն այսօր շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Մինչ քվեարկություններն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում է խնդրել՝ պատճառաբանելով, որ խորհրդարանը քվեարկելու է սահմանադրական օրենքներ պարունակող նախագծեր, որի համար անհրաժեշտ կլինի պատգամավորների ձայների 3/5-րդը, իսկ ոմանք դեռ ճանապարհների պատճառով չեն հասցրել ներկայանալ ԱԺ: Ընդմիջումից հետո քվեարկել ու ընդունել են տասնյակ նախագծեր:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն ԱԺ-ն ընդունել է 82 կողմ, 3 ձեռնպահ ձայներով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունվել է 83 կողմ, 28 դեմ, 4 ձեռնպահ ձայներով։

Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 84 կողմ, 7 դեմ ձայներով:

Այս նախագիծը վերաբերում էր կարմիր գծերին։ Հեղինակը զեկուցման ժամանակ նշել էր.

«Օրենքի նախագծով 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով: Օրենքի փոփոխությունից հետո «կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ