«Ազգային մոլ»․ հայկական արտադրողները միավորվում են՝ ընդդեմ թուրքականի

Բաղրամյան 26, Ալ․ Սպենդիարյաի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, կառավարական ամառանոց, Արաբական Միացյալ Էմիրություններում Շեյխ Ալ Քասիմի առանձնատուն։ Թվարկված շինություններին միավորում է մեկ բան՝ ներքին լուսավորությունն ապահովում են հայկական ջահերը։ 1980 թվականից գործող Կոմիտասի լուսատեխնիկական գործարանի հենքի վրա ստեղծված «Բակլաչյան» ընկերության տնօրեն Արմեն Բակլաչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ հայկական լամպերն ու ջահերը արտահանում են նաև Վրաստան ու ՌԴ։

«Մենք աշխատում ենք պատվերով՝ ըստ չափերի, ինտերիերի։ Պատվերը տալիս են, գնում ենք, տեղում նախագծում ենք, եթե դիզայներն ունի նախագիծ, դրանով ենք աշխատում։ Նախագիծը 3D մոդելավորմամբ ներկայացնում ենք հաճախորդին, որից հետո արտադրում ենք, տեղափոխում և տեղադրում։ Պատվերն ընդունում ենք՝ աշխարհի որ կետում էլ այն լինի։ Օրինակ՝ ԱՄԷ-ում Շեյխ Ալ Քասիմի առանձնատան լուսավորությունն ենք արել, պատվիրել է, մենք տարել-տեղադրել ու հանձնել ենք իրեն»։

Մոտ մեկ շաբաթից «Բակլաչյան» ընկերության ջահերն ու ոչ միայն տեսնելու, նաև գնելու հնարավորություն կունենանք արդեն մեկ հասցեում՝ Ազգային մոլում։ Արցախյան երկրորդ պատերազմն առաջիկայում գուցե փոխի տնտեսության մեջ ներմուծման ու արտահանման համամասնությունը։ Ճիշտ այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Հայաստանն արգելում է թուրքական արտադրանքի ներմուծումը, տեղական արտադրողները հավաքվեցին ու որոշեցին ստեղծել կենտրոն, որտեղ ներկայացված կլինի միայն տեղական արտադրանքը։

Նախաձեռնությանը նաև Արմեն Բակլաչյանն է միացել․

«Մինչ ազգային մոլի գաղափարի ծնվելը, ես ունեի բոլոր արտադրողներին մեկ վայրում հավաքելու մտահղացում, որպեսզի ճանաչելի դառնային։ Ես նաև շատ ուզում էի, որ մեր ապրանքը Հայաստանից դուրս գա։ Ինչո՞վ ենք մենք պակաս Չինաստանից ու Թուրքիայից։ Ուզում եմ, որ մենք արտահանող երկիր դառնանք։ Նախաձեռնության ամսին լսելով՝ միացա տղաներին»։

Սարգիս Մազմանյանը Գյումրիում տեքստիլ արդյունաբերությամբ է զբաղվում։ Նա նույնպես միացել է ազգային մոլի նախաձեռնությանը և աջակցում է տեղական արտադրողներին։

«1500 քառակուսի մետր է տարածքը, առաջին փուլում բացելու ենք առաջին մասնաշենքը։ Հետագայում կընդլայնվենք։ Կսկսենք տնտեսական ապրանքներից, խմիչքից, կլինեն նաև սուպերմարկետ, վերնիսաժային տաղավարներ։ Երկրորդ հարկում նախատեսել ենք տեքստիլի, երրորդ հարկում՝ կահույքի բաժիններ։ Հետագայում ֆուդ–կորտ, մանկական սրահ, օֆիսային տարածքներ կունենանք»։

Մասնակից կազմակերպությունների թիվն անընդհատ ավելանում է՝ ավելի քան 130 ընկերության հետ պայմանագրեր արդեն կնքվել են։

Նախաձեռնությամբ կկոտրվի մոլի ու սուպերմարկետի կարծրատիպը՝ ասում է Սարգիս Մազմանյանը։ Նշում, որ առանձին տաղավարներ չեն լինելու, կողք կողքի ներկայացվելու է տեղական արտադրանքը՝ ցուցահանդեսի ու վաճառքի համար։

«Ազգային մոլը կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ առավոտյան 10-ից մինչև 22–ը։ Առաջին փուլի բացումը նախատեսել ենք հունվարի 25-ին։ Այստեղ լինելու են տնտեսական ապրանքներ, խմիչք, ձեռագործ իրեր, տեքստիլ, անկողնային պարագաներ, նաև՝ կահույք։ Այն ամենը, ինչը արտադրվում է Հայաստանում»։

«Ազգային մոլ» ենք կոչել, մոլը՝ առևտրի կենտրոն, իսկ ազգայինը՝ այստեղ մեր արտադրանքն է։ Կախված նրանից, թե նախադասության մեջ ինչ կօգտագործենք, կարող է լինել նաև «Ազգային առևտրի կենտրոն»։ Սակայն, «ազգային» բառը մնալու է»։

Տարածքները կտրամադրվեն վարձակալությամբ, ընկերությունները առաջին երկու ամիսներին կվճարեն տարածքի վարձակալության գումարի 50 տոկոսը, երրորդ ու չորրորդ ամիսներին՝ 75 տոկոսը։ Հինգերորդ ամսվանից հետո ամբողջությամբ կվճարեն վարձակալության համար։ Նախաձեռնությունը ոչ պետական է, ոչ էլ մասնավոր, ասում է զրուցակիցս ու նշում՝ աջակիցները տեղական արտադրողներն են, ներդրումն էլ՝ վարձակալությունից ստացված գումարը։

Հայաստանի Հանրային Ռադիո

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ