«Ես սա համարում եմ հեղափոխական նշանակության փոփոխություն». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է ընդհանուր օպերատիվ իրավիճակը:

Ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել ներքաղաքական զարգացումների ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում: Բացի այդ, պատկան մյուս գերատեսչությունների հետ համատեղ ոստիկանության ծառայողները ներգրավված են եղել նաև 2018 թ. համապետական և միջազգային նշանակության զանգվածային միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման աշխատանքներում:

Ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թ. օգոստոսից ներգրավվել են մարտական հերթապահության ՀՀ պետական սահմանի պահպանության գործում:

ՀՀ ոստիկանապետը զեկուցել է 2018 թ. հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումների, հանցագործությունների բացահայտման վիճակի և աշխատանքների արդյունավետության, այդ նպատակով ներդրված նոր մեխանիզմների, ինչպես նաև ոստիկանությունում օրինականության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Վ. Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը, հաշվի առնելով հանցավորության շարժընթացում առկա խնդիրները, հանդես է գալու գողությունների, այդ թվում՝ բնակարանային, կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավմանն ուղղված համալիր ծրագիր մշակելու նախաձեռնությամբ՝ քննարկումներում ներգրավվելով բոլոր գերատեսչությունները: Ծրագիրը վերջնական տեսքի բերվելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ