Յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում անվճար հիմունքներով այցելել մշակութային 3 հաստատություն. փոխնախարար

2021թ. հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի N 24-Ա/2 հրամանի՝ 2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում այս տարի նույնպես անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար:

Բաժանորդային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 386.000 աշակերտներ կարող են մասնակցել իրենց համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագիրը երաշխավորում է սովորողների մշակութային կրթության իրավունքի իրացման հնարավորությունը:

Առաջիկայում կիրականացվեն անհրաժեշտ քայլեր՝բաժանորդային ծրագիրը դպրոցական ուսումնական ծրագրերին սերտորեն փոխկապակցելու և թեմատիկ, ծրագրային միջոցառումներ իրականացնելու համար՝ յուրաքանչյուր դասարանի ուսումնական ծրագրի համապատասխան։

Մինչ այդ, սիրելի տնօրեններ և ուսուցիչներ, ծանոթացեք ցանկին և դրա համեմատ՝ փորձեք ուղղորդել սովորողներին՝ այցելել իրենց ուսումնական ծրագրին առավել համապատասխան միջոցառումներին, խթանեք սովորելը նաև այս միջոցով։ Արեք ձեր առաջարկները, թե ինչպիսի ներկայացումների, մշակութային այլ միջոցառումների կարիք ունենք, որպեսզի մշակույթը ձեզ օգնի սովորել և սովորեցնել, աբոնեմենտային ծրագիրը դառնա դպրոցական ծրագրի օրգանական շարունակությունը։ Ներկայումս գործող ցանկը՝ այստեղ»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ