Ջհանգիրյանը ԲԴԽ-ին կոչ արեց իրավաբանական տեսանկյունից քննարկել տարիքային շեմի հետ կապված հարցը

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը խորհրդի անդամներին կոչ է անում հավաքվել և անդամի պաշտոնում թեկնածուի տարիքային շեմի հետ կապված հարցը քննարկել իրավաբանական տեսանկյունից: Ջհանգիրյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո:

«Ես ուզում եմ մի լուրջ թեմայի կապակցությամբ հայտարարություն անել՝ կապված ԲԴԽ-ի արտահայտած կարծիքի հետ, որ իրավաբան-գիտնականն այս օրենքով տարիքային սահմանափակումների տակ է ընկնում: Այս հայտարարությամբ կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և այդ խնդիրը իրավաբանական տեսանկյունից քննարկել: Եթե իրենք այսօր հայտարարում են, որ նաև նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ այդ պաշտոնում ընտրությունը հակասահմանադրական է եղել, հակասել է Դատական օրենսգրքի դրույթներին, դա նշանակում է, որ այդ ԲԴԽ-ի կողմից դատարավորների նշանակման, առաջխաղացման բոլոր միջնորդությունները հակասահմանադրական են: Ավելին՝ այդ դատարաններն ու այդ դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, և, հետևաբար, դրանց կողմից այս 2 տարվա ընթացքում արձակված բոլոր միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումները բեկանելի են և ապօրինի են»,-ասաց նա:

Այսպիսով, նա ԲԴԽ անդամներին կոչ արեց, որ մեկ անգամ ևս այդ խնդրին անդրադառնան որպես անկաշառ, արդար կողմնակի դիտորդ-իրավաբաններ և քննարկեն: Ըստ Ջհանգիրյանի՝ դրանք Եվրոպական դատարանի համար շատ վտանգավոր փաստարկներ են: «Եթե այդ միտքը արտահայտած լիներ որևէ անհատ իրավաբան, ես դա կհասականայի, բայց դա բարձրաձայնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը»,- ասաց նա ու հավելեց՝ եթե հրավիրեն, ինքն էլ պատրաստ է մասնակցել քննարկմանը:

Անդրադառնալով ԼՀԿ-ի հետ հանդիպմանը՝ նա ասաց՝ իրեն թվում է, որ խմբակցության պատգամավորի բոլոր կասկածանքները փարատել է: Նրա խոսքով՝ ինքը դիմել է նաև «Բարգավաճ Հայաստանի» հետ հանդիպման համար, դեռ պատասխան չի ստացել:

Անդրադառնալով իշխանության վարկանիշի վերաբերյալ հարցերին՝ Ջհանգիրյանը նշեց, որ ինքը իշխանության հետ կապ չունի: Նա շեշտեց, որ Դատական օրենսգիրքն այնպես է գրված, որ եթե որևէ իրավաբան ցանկություն է հայտնում ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու, ապա անպայմանորեն պետք է առաջադրվի որևէ խմբակցության կողմից: «Իրավաբանը մտածում է թվապես մեծ խմբակցության առաջարկին համաձայնել, որպեսզի ձայներն ապահովի՝ մանավանդ այս քաղաքական սուր իրավիճակում, երբ ԱԺ-ում քաղաքական բևեռներ են ձևավորվել: Այսինքն՝ եթե Ջհանգիրյանը մտադիր էր ԲԴԽ-ում աշխատանքի անցնել, ուներ մի ճանապարհ՝ առաջադրվել մեծամասնություն կազմող խմբակցության կողմից»,- ասաց նա:

Հունվարի 13-ին «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել ԲԴԽ անդամի առաջին թափուր տեղի համար առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Գագիկ Ջհանգիրյանը 65 տարեկան է: Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու կարող է լինել մինչև 63 տարեկան դատավորը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնել էր, որ 65 տարեկանը լրացած անձը չի կարող է ԲԴԽ անդամ ընտրվել։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր հերթին հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իրավաբան-գիտնականների թեկնածությունն առաջադրելու համար տարիքային սահմանափակում չկա, ԲԴԽ թեկնածուի առաջադրման համար դատավորներին և իրավաբան-գիտնականներին ներկայացվող պահանջները տարբեր են:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •