Տեսչական մարմինն Արարատի մարզում ուղեվարձը բարձրացնողներից պարզաբանում է պահանջել

Արարատի մարզը մայրաքաղաքին կապող որոշ փոխադրողներ բարձրացրել են տրանսպորտի ուղեվարձը: Ոլորտը կարգավորող մարմինը տեղեկացնում է՝ կան դեպքեր, որ արդարացված են, որոշ դեպքերում՝ թանկացումն անհիմն է:

Ուղեվարձի թանկացման մասին հուշում են նաև ավտոբուսում նոր փակցված թղթերը: Հունվարի սկզբից Արտաշատ-Երևան 452 համարի երթուղին սպասարկում է 50 դրամ բարձր գնով: 452 համարը միակը չէ: Արարատի մի քանի գծերում նույնպես ինքնակամ բարձրացրել են սակագինը:

«Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային Երևան-Արարատ երթուղին 400 դրամից դարձել է 500 դրամ: «Լիգա» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող Դիվին-Երևան ավտոբուսի, Գետազատ-Երևան միկրոավտուբուսի ուղեվարձերը 250-ից դարձել են 300 դրամ: Մասիս-Երևան երթուղին 150-ից դարձել է 200, Նարեկից Երևան կարելի է հասնել 300-ի փոխարեն 350 դրամով:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից պարզաբանում են՝ սակագների բարձրացման որոշ դեպքեր արդարացված են, մյուսները՝ ոչ:

Արտյուշ Գրիգորյան, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ — Օրինական են այն երթուղիները, որոնք ժամանակին մրցույթով նախատեսվել է կոնկրետ ֆիքսված սակագին, բայց իրենք շարունակել են սպասարկել ավելի ցածր սակագնով:

Օրինակ՝ Երևան-Արարատ միկրոավտոբուսի երթուղու մրցույթում հաղթած ընկերությունն ի սկզբանե պետք է սպասարկեր 500 դրամով, բայց «Լիգա» ՍՊԸ-ն բավարարվել է 400 դրամով: Հունվարի սկզբից 500 դրամի անցնելն այս երթուղու համար օրինական է: Նույն պատկերն է Արտաշատ-Երևան միկրոավտոբուսի, Մասիս-Երևան և Նարեկ-Երևան ավտոբուսների պարագայում:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •