Վարչապետը Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ղեկավար կազմի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից:

«Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը:

Մենք արձանագրում ենք, որ զինված ուժերի բնականոն զարգացումը և համապատասխանեցումը մարտունակության ժամանակակից կանոններին և Հայաստանի Հանրապետության, Արցախի անվտանգության կարիքներին մեր բացարձակ առաջնահերթությունն է: Մենք այդ ուղղությամբ պետք է շարունակական աշխատենք՝ ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներ, ինչպես նաև գործողությունների ռազմավարություն», — նշել է երկրի վարչապետը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 2018 թ. պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև 2019 թ. հիմնական առաջնահերթությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ