Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բին Սալմանի վերահսկողության տակ գտնվող «Al Arabiya» հեռուստաընկերության ռեպորտաժը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին։ Արաբական հեռուստաընկերությունը «Հատուկ առաքելություն» կոչվող ռեպորտաժ է պատրաստել, որը առնչվում է քուրդ զինյալներին, հայտնում է ermenihaber-ը:
Ըստ թուրքական աղբյուրների՝ ռեպորտաժում ասվում է, որ Թուրքիայում գործող ռեժիմը շարունակում է քրդերի նկատմամբ կիրառել բռնության և ռասիստական քաղաքականություն։ Այս ամենն էլ հունից հանել է թուրքական ԶԼՄ-ներին, քանի որ քուրդ զինյալները Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ։
Նշված է եղել, որ Թուրքիան շարունակում է պարբերաբար ավիահարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում գտնվող քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազային, ինչը բարդացնում է այնտեղ ռեպորտաժներ իրականացնելը։
«Քանդիլ հասնելը դժվար է, քանի որ ամեն բան հրթիռակոծող թուրքական ռազմական ինքնաթիռները կարող են ձեզ թիրախավորել»։ Ըստ «Al Arabiya»-ի վերոնշյալ ռազմաօդային օպերացիաները Թուրքիայի զինուժի կողմից Քանդիլում ոչ միշտ են ունենում լավ արդյունքներ։
Արաբական հեռուստաընկերության ռեպորտաժում նաև ուշագրավ մանրամասներ են ներկայացվում քուրդ զինյալների կյանքից։
«Մեզ տասը մարդ դիմավորեց։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք մեծ խմբերով չեն կուտակվում։ Զինյալները ոչ մի անուն չունեն և հեռախոսներ չեն օգտագործում։ Թե ինչ է կատարվում աշխարհում տեղեկանում են ռադիոյից։ Ոչ աշխատավարձ են ստանում, ոչ էլ՝ ամուսնանում»։