Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հարգարժան նախագահ,
Կոլեգիայի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,
Անկեղծորեն ուրախ եմ հանդիպման և ձեզ հետ ծանոթության համար։
Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացված լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ:
Եվ այս առումով դժվար է գերագնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքը, ձեր աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրի ամենօրյա ջանքերը, որոնք ուղղված են անդամ պետությունների ուղղորդմանը դեպի նպատակներ, որոնք ամրագրված են Միության հիմնարար փաստաթղթերում և պաշտոնական հռչակագրերում:
Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքների համար, և հայտնել, որ որոշել եմ կարդալ և ստորագրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը» հենց ձեր ներկայությամբ, և մենք կարող ենք քննարկել դիմումում նշված հիմնական դրույթները, դրանց հասնելու եղանակները և 2019 թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում առաջնահերթությունների իրականացման նպատակով տարվող աշխատանքների կազմակերպումը։