Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարին: Հայտնաբերված բիայնական դամբարանը պեղվել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից` Էրեբունու թանգարանի աշխատակիցների օգնությամբ։
Դամբարանը կառուցված է եղել հին և մեծ դամբարանադաշտում։ Ներկայումս դամբարանի պատերը կրում են ժամանակին այնտեղ գործած արդյունաբերական ձեռնարկության թափոնների հետքերը․ գործարանից դեպի դամբարան է արտահոսել նավթի, բենզինի և յուղի խառնուրդ:
Դամբարանն ուղղանկյունաձև կառույց է՝ հյուսիս-հարավ կողմնորոշմամբ։ Այն կառուցված է կարմիր, սև, մուգ դարչնագույն և շագանակագույն տուֆով: Ներքին չափերով կառույցի երկարությունը 3,46 մ է, լայնությունը՝ 1,97 մ, բարձրությունը` 2,15 մ։
Դամբարանի մուտքը, որը գտնվում է կառույցի հյուսիսային կողմում, փակված է եղել հսկա սալաքարով, որն այժմ ցուցադրվում է դամբարանի տարածքում։ Դամբարանախցի հատակը շարված է տուֆե սալերով, որոնց տակ գտնվում են գաղտնարաններ։ Դամբարանախուցն ունի հինգ որմնախորշ, որոնցից երեքը արևմտյան պատի մեջ են, մեկը՝ հարավային, մյուսն՝ արևելյան։
Ծածկը բաղկացած է եղել տուֆե հինգ երկայնական քարասալից, որոնք դրված են եղել կողք-կողքի` սրահի լայնքով մեկ (արևմուտքից արևելք ուղվածությամբ) և հենվել են պատերի շարվածքի վերին՝ հինգերորդ շարքի քարերի ձևավորած քիվի վրա:
Պեղումների արդյունքում արևմտյան պատի որմնախորշերում հայտնաբերվել են մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով։ Արևելյան որմնախորշում եղել է ցլի գլխի արձանիկներով մեծ կավանոթ և մի թաս, որի հատակին պահպանված էր նապաստակի պատկերով դրոշմ։ Դամբարանի հյուսիսարևելյան անկյունում գտնվել են մի քանի մեծ ու փոքր թասեր, սափոր ու ճրագ:
Ավելի մանրամասն տեսանյութում .