Հայաստանի քաղաքացիները ոգեշնչված են երկրում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությամբ, այդուհանդերձ, կարիք կա նաև ինստիոտուցիոնալ առումով ամրապնդել այդ ժողովրդավարությունը:
«Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցում Հայաստանը Եվրամիության աջակցությունն է ակնկալում:
Փաշինյանի խոսքով՝ պատրաստվում են պարզեցնել հարկային օրենսդրությունը, որպեսզի բիզնես գործունեությունը Հայաստանում ավելի դյուրացվի:
«Պատրաստվում ենք նվազեցնել եկամտահարկը և շահութահարկը, որպեսզի օտարերկրյա ներդրումների համար հայաստանյան գործարար և ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնենք»,- ընդգծել է Փաշինյանը։ Խոսելով Հայաստանում սպասվող հրատապ բարեփոխումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենակարևոր բարեփոխումները տնտեսության հետ են կապված, քանի որ կարիք կա քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության:
Մյուս բարեփոխումն աղքատ մարդկանց խրախուսելն է, որպեսզի Հայաստանում հաղթահարվի աղքատությունը:
«Փոքր և միջին բիզնեսից բացի՝ ստեղծելու ենք նոր՝ միկրոբիզնես, որն ազատված կլինի հարկերից։ Սա կխրախուսի մարդկանց միջոցներ ձեռնարկել և բիզնես գործունեություն սկսել, ինչով կօգնեն կառավարությանն աղքատության դեմ պայքարում»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը: