Արցախցի մանուկների գլխավոր ցանկությունը խաղաղությունն է

Արցախցի երեխաներն ամանորյա պարն են փորձում՝ մտքում պահած 2021-ի գլխավոր ցանկությունը, որը տոնական փաթեթում չես դնի:

Գոհար Հայրապետյան — Ուզում եմ, որ լինի խաղաղություն:

Մեկը պարով, մյուսը՝ նկարով, հաջորդը տոնական ներկայացմամբ՝ աշխատում են լուսավոր գույներով ճանապարհել դժվար 2020 թվականը:

Նարե Արամյան, Երևանի պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն — Երբ սկսվեց իրավիճակը՝ կապված է պատերազմի հետ, շատ ծանր անդրադարձ է ունեցել հենց արցախահայության վրա, մենք կարողացանք Երևանի քաղաքապատերանի հետ աջակցության ծրագրեր նախատեսել, այսօր տարվա ամփոփում ենք անում:

Տոնական միջոցառման հրավեր է ստացել նաև բերձորցի բազմազավակ մայրը: Քրիստինե Ամյանն ունի 10 երեխա՝ 5 աղջիկ, 5 տղա:

Քրիստինե Ամյան — Չեն եկել Սամվելը, Սուսաննան, Մարտիկը, Մխիթարը:

Մեծը՝ 22-ամյա որդին, պայմանագրային զինծառայող է. պատերազմի մասնակիցն այժմ էլ դիրքում է, ամենափոքրը՝ 2,5-ամյա աղջիկն է՝ Մարիաննան:

Սյունե Հակոբյան — Խաղաղություն լինի աշխարհում, պատերազմներ չլինեն, բոլորը հաշտ-համերաշխ ապրեն ու չկռվեն:

Սոսե Հակոբյան — Սովորում եմ ֆիզկուլտուրայի ինստիտուտում, նպատակ ունեմ աավարտելուց հետո թիմ ունենալ, հաջողության հասնել:

Սուրեն Հակոբյան — Աշխարհում խաղաղություն լինի, գերիները վերադառնան, ոչ ոք զավակին չկորցնի:

Թվարկելուց հետո Ձմեռ պապից սպասվող նվերի մասին խոսելիս կարմրում է, հեռակառավարմամբ խաղալիք մեքենա կուզեր:

Պատանեկության ստեղծագործական կենտրոնը հյուրընկալել էր 140 երեխայի: Մինչև կհասներ Ձմեռ պապը, ուրախ ժամանցին մասնակցեցին: Նոր տարվա ուրախ տրամադրությունն ապահովված է: Ձմեռ պապն էլ արդեն աստիճաններն է բարձրանում՝ նվերներով պարկն ուսին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ