«Պարոն նախագահն ունի ասելիք եւ անելիք», հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ի պատասխան Սերժ Սարգսյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու վերաբերյալ հարցին: ՀՀԿ խոսնակը փաստորեն հայտարարել է, որ չի լինի կուսակցության նախագահի փոփոխություն, իսկ հերթական համագումարը հաջորդ տարի է:
Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահի փոփոխության հարցը քննարկելու մասին հորդոր հղել էր դեռեւս 2018-ի ապրիլի 25-ին: Համենայն դեպս եղավ այդ մասին նրա անունից հաղորդագրություն:
Այդ ժամանակ նա հավաքել էր կուսակցության խմբակցությանն ու հորդորել լինել միասնական, ինչ որոշում էլ կայացնեն: Իսկ այդ ժամանակ հարցը վարչապետի թեկնածու առաջադրելն էր: Հեղափոխության պահանջն էր առաջադրել Նիկոլ Փաշինյանին, սակայն ապրիլի 25-ի առավոտյան արդեն աշխույժ քայլերի էր անցել Կարեն Կարապետյանը:
Ինչու էր Սերժ Սարգսյանը երեկոյան հրավիրել խմբակցությանը եւ հորդորել որեւէ որոշում կայացնել միասնական: Դա նշանակում էր Կարեն Կարապետյանին չառաջադրելու՞, թե՞ առաջադրելու ակնարկ:
Դատելով դրանից երկու օր առաջ Սարգսյանի հրաժարականի տեքստից եւ հայտնի բառերից, նա խմբակցությանը հավաքել էր Կարեն Կարապետյանի աշխուժությունը չեզոքացնելու համար: Իսկ խոշոր հաշվով բանը թերեւս Կարեն Կարապետյանն էլ չէր, այլ Ռոբերտ Քոչարյանը, որը եւս մտել էր խաղի մեջ ու հայտարարել, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցես ուրիշին:
Դա ուղղված էր Սերժ Սարգսյանին, եւ Ռոբերտ Քոչարյանը դրան հաջորդած մի քանի ամիսներին պարբերաբար ակնարկել է Սերժ Սարգսյանի որոշումներից իր դժգոհության մասին, հայտարարելով, թե դիմադրությունը թավշյա հեղափոխությանը եղել է կասկածելի պասիվ: