Հունվարի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության, Արարատի մարզային վարչությունների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները, Արտաշատ քաղաքում իրականացրել են կանխարգելիչ միջոցառում՝ հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման ու խափանման, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման նպատակով։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Ոստիկանների տեսադաշտում էին հակահասարակական և հանցավոր վարքագիծ դրսևորած անձինք, ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտած և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։
Ոստիկանության ծառայողները նշված անձանց ներկայացրել են ոստիկանության Արտաշատի բաժին և տարվել են բացատրական աշխատանքներ։ Նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումները լինելու են պարբերական և իրականացվելու են հանրապետության ողջ տարածքում։