«Հեղափոխությունը սոցցանցերի միջոցով ենք իրականացրել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը:

Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Խաջա Փրասադ Շարմա Օլին, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը: Քննարկումը վարել է The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը:

Ի պատասխան քննարկումը վարող Մարտին Վոլֆի հարցի` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում մեկ ամիս առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք գնահատվել են ազատ, ժողովրդավարական և թափանցիկ։

«Եվ հիմա մենք մեծ հաջողություն ենք գրանցել ժողովրդավարության հարցում, բայց մենք նաև մեծ մարտահրավերներ ունենք, ու ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է։

Գիտեք, որ մենք երկար ժամանակ մեծ խնդիր ունեինք՝ կապված ընտակաշառքի հետ։ Երբ մարդիկ իրենց աղքատության պատճառով ստիպված էին ընտրակաշառք վերցնել։ Իհարկե, հեղափոխությունը մարդկանց ազատեց այդ պարտավորությունից։

Բայց հիմա մենք պետք է մեր քաղաքացիներին ավելի ուժեղ և անկախ դարձնենք տնտեսական առումով։ Գիտեք, որ կա փոքր, միջին բիզնես, բայց մենք պատրաստվում ենք ստեղծել նոր կատեգորիա, ինչպիսին միկրոբիզնեսն է և ազատել նրանց հարկերից՝ հույսով, որ կկարողանանք խրախուսել մեր ժողովրդին, բացատրել մարդկանց, որ ոչ միայն կառավարությունն է պատասխանատու աղքատության հաղթահարման համար, այլ նաև իրենք պետք է ինչ-որ բան անեն։

Մենք ցանկանում ենք խրախուսել մեր ժողովրդին, բայց, իհարկե, նաև ստեղծել իրական հնարավորություններ՝ պայքարելու սեփական աղքատության դեմ։ Այսպիսով, իմ պատասխանն է, որ մեր գլխավոր մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրակայելն է, և մենք հույս ունենք ներգրավել նոր օտարերկրյա ներդրումներ, որովհետև մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ, կարողացանք հիմնել իրական օրենքի պահանջներ, և մենք պատրաստվում ենք պարբերաբար պարզեցումներ կատարել ավելի շատ ներդրումներ գրավելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ