Նիկոլ Փաշինյանը Դավոսից ֆեյսուբքյան ուղիղ եթերով անդրադարձավ նաեւ վերջին օրերին ամենաշատը քննարկված թեմային՝ պետական կառավարման համակարգի աշխատակիցների պարգեւավճարներին։
Փաշինյանն ասաց, որ այս հարցում կա որոշակի թյուրըմբռնում․
«Ի՞նչ առումով․ ընդհանուր առմամբ՝ պարգեւավճարները եւ աշխատավարձերը վճարվում են պետբյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց պարգեւավճարների եւ աշխատավարձերի համար, եւ, ըստ էության, այդ պարգեւավճարները աշխատավարձի մաս են, այդպիսի համակարգ է այսօր գործում ՀՀ-ում, եւ այսպիսի ավանդույթն իրողություն է եղել, երբ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատակցիները կամ նրանց մի մասը ստացել են պարգեւավճարներ»։
Փաշինյանը նշեց, որ այս համակարգը վերաբերել է պետական կառավարման գրեթե ամբողջ մարմին․
«Այս առումով զավեշտալի էր հետեւել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներ քննադատում կառավարության կամ մարզպետարանի ներկայացուցիչներին, որ նրանք պարգեւավճար են ստացել կամ տվել, չեն ասում, որ իրենք նույնպես դեկտեմբերին ստացել են էդ տասներեքերորդ աշխատավարձը, ինչը, համենյանդեպս, վերջին տարիներին ավանդույթ է, այսինքն՝ իրենք չեն ասել՝ մենք լուծարված խորհրդարանի պատգամավորներ ենք, մեզ մի տվեք էդ աշխատավարձը, նրանք հաճույքով էդ պարգեւավճարը ստացել են, եւ հիմա էլ ասուլիսներ են հրավիրում եւ ասում՝ ո՞նց կարելի է, չեն ասում, որ լուծարված խորհրդարանի պատգամավոր լինելով՝ ստացել են, բայց պետական կառավարման համակարգի այլ աշխատակիցների ստանալուց խոսում են։
Ես էլ պատգամավոր եղած ժամանակ միշտ էլ ստացել եմ, եւ բոլորն են ստացել, եւ երբ ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ասել եմ՝ վատացնող ոչ մի քայլ չձեռնարկեք, մինչեւ աշխատավարձերի հետ կապված այս թնջուկը լուծենք»,-ասաց վարչապետը։
Զրույց Քաղաքացու հետ. հանդիպում Ալիեւի հետ: (Եթերը ընդհատվեց. հիմա պիտի քննարկման մասնակցեմ Դավոսում. թեման կշարունակեմ հաջորդ անգամ:)
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, January 23, 2019