Պլաստիկի արտազատած նյութերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել մարդկանց առողջությանը. մասնագետներ

Պլաստիկի արտազատած նյութերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել մարդկանց առողջությանը: Այս մասին նոր հաշվետվությունը հրապարակվել է Էնդոկրինային միության կայքում:

Այսօր հայտնի են պլաստիկի արտազատած ավելի քան 140 վտանգավոր նյութեր, հայտնում է Medportal.ru-ն: Առողջությանն ամենամեծ վտանգը ներկայացնում են դրանցից նրանք, որոնք օժտված են հորմոնանման ազդեցությամբ: Այդ միացությունների քիմիական կառուցվածքը թույլ է տալիս միանալ մարդու օրգանիզմի տարբեր ֆիզիոլոգիական պրոցեսների՝ ազդել նյութափոխանակության, քնի եւ նույնիսկ ֆերտիլության վրա:

Հորմոնների նման ազդող նյութեր կարելի է հայտնաբերել պլաստիկի շատ տեսակներում, որոնց հետ շփվում ենք ամեն օր: Դրանց են դասվում պոլիֆտորալկիլային քիմիական նյութերը, ֆտալատները, բիսֆենոլ А-ն, երկօքսիդները, թունավոր մետաղները (արճիճ, կադմիում): Այս նյութերից որոշները հավելվում են պլաստմասային՝ դրանց որակը լավացնելու եւ գործելու ժամկետը երկարացնելու համար: Մյուսները պլաստիկի մեջ են հայտնվում արդեն այն դեն նետելուց հետո, երբ այն վերածվում է միկրոպլաստիկի:

«Հորմոնանման ազդեցությամբ նյութերի ներգործությունն այսօր միակ խնդիրը չէ, բայց դրանք լուրջ սպառնալիք են ներկայացնում ապագա սերունդներին: Երբ այդ նյութերն ազդում են հղիների վրա, կարող են ներգործել նրանց երեխաների եւ անգամ թոռների առողջության վրա»,- ասել է փաստաթղթի համահեղինակ, Շվեդիայի Թագավորական ինստիտուտից Պաուլինա Դամդիմոուպոուլուն:

Նրա խոսքով՝ այդ նյութերի վնասի առավել լուրջ ապացույցները ստացվել են կենդանիների վրա կատարված հետազոտություններով: Դրանցում, օրինակ, ցույց է տրվել, որ այդ նյութերը կարող են ԴՆԹ-ում փոփոխություններ առաջացնել, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ:

Գիտնականները շեշտում են, որ ժամանակակից աշխարհում չի մնացել գեթ մի անկյուն, որտեղ կարելի է թաքնվել պլաստիկի ազդեցությունից. այսօր այն գրեթե ամենուր է: Եվ սա է պատճառներից մեկը, ինչի համար էնդոկրին կարգավորման վրա ազդող նյութերի ազդեցությունը շատ դժվար է գնահատել իրական կյանքում. անհնար է առանձնացնել մարդկանց, ում վրա դրանք ընդհանրապես չեն ազդում:

Զեկույցի գլխավոր հեղինակ, Իլինոյսի համալսարանից Ջոդի Ֆլաուսը կարծում է, որ այդ միացությունների վնասակար ազդեցությունը կարելի է համեմատել շրջակա միջավայրի այլ թունավոր նյութերի հետ, ինչպիսին է ծխախոտի ծուխը: Սակայն ծխից թաքնվելն ավելի հեշտ է, մինչդեռ պլաստիկից թաքնվելը գրեթե անհնար է:

Գիտնականները նշում են, որ իրենք հասկանում են մեր կյանքում պլաստիկի կարեւոր դերակատարումը, եւ դա առաջիկա տասնամյակների ընթացքում դժվար թե փոխվի: Սակայն ապագա ազդեցության ռիսկը նվազեցնելու համար պետք է քրտնաջան աշխատել հենց հիմա: Նրանք խորհուրդ են տալիս խստորեն վերահսկել հորմոնանման նյութերի օգտագործումը պլաստիկի մեջ, այդ թվում` արգելքները, ժամանակակից պլաստիկի անվտանգ այլընտրանքներ մշակելու արշավները եւ պլաստիկի վերամշակման տեխնոլոգիաների բարելավումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ