«Դուք հարց լուծող չեք». սյունեցիները ԼՀԿ պատգամավորներին ճանապարհ չտվեցին

Սյունեցիները այսօր առավոտից փակել են Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում գտնվող ճանապարհը։

Նրանք պահանջում են, որ այսօր՝ մինչև 17:00-ն, Գորիս-Կապան ճանապարհի որոշ դիրքեր Ադրբեջանին հանձնելու որոշումը չեղարկվի։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը կոչ արեց բոլոր սյունեցիներին միանալ ակցիային։ «Չունենք հստակ պատասխաններ երեկվանից, ամեն ինչ տանում է նրան, որ մնացած բոլոր տարածքների պես շատ խելոք ամեն ինչ տրվելու է թուրքին։

Սյունեցիներս կարծում եմ՝ չպետք է համաձայնվենք այս գաղափարի հետ։ Ամեն օր հեռուստացույցով լսում ենք, որ խոսքը չի վերաբերում Հայաստանի պետական սահմանին, բայց մինչև օրս մենք պատասխան չենք ստացել՝ որն է Սյունիքի պետական սահմանը։ Մենք գիտեք՝ որն է սահմանը, բայց այն գործիքակազմը, որը օգտագործում են իշխանությունները սահմանագծման համար, դա թուքերի որդեգրած սկզբունքն է, և թուրքական սկզբունքով է իրականացվում։

Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և չենք ուզում համաձայնել»,- ասաց սյունեցիներից մեկը։

Նրա խոսքով՝ պրոցեսի շարունակական լինելու դեպքում կորցնելու են Սյունիքը։ «Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, մենք չենք պատրաստվում այս ծախված գործընթացի մասնակիցը դառնալ»։

Ըստ նրա՝ Կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տա, որովհետև չի տիրապետում իրավիճակին։

Սյունիք էին ժամանել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավորներ Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բադալյանը, Աննա Կոստանյանը, Սրբուհի Գրիգորյանը։ Նրանք ցանկանում էին մեկնել Կապան, սակայն ակցիայի մասնակիցները չցանկացան պատգամավորներին ճանապարհ տալ:

«Գորիսում հարցերը լուծեցի՞ք, գնում եք Կապան, մնացեք ստեղ, խնդիրը լուծեք, խի՞ եք ուզում Կապան գնալ։ Ստեղ խնդիրը լուծեք, համոզվենք, որ խնդիր լուծող եք, գնացեք Կապան։ Ես, օրինակ, վստահ եմ, որ դուք հարց լուծող չեք, եթե հարց լուծող եք, ստեղ լուծեք»,- դիմելով պատգամավորներին՝ ասաց ցուցարարներից մեկը։

Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ եկել են ժողովրդի կողքին լինելու։ «Պարզ է, չէ՞, որ ընդդիմադիր պատգամավորը չի կարա գնա բանակցությունների խնդիրներ լուծի։ Ես պիտի հասկանամ՝ ձեր խնդիրը որն է, ես հեռվից լսել եմ, բայց կարևոր եմ համարել, որ այստեղ լինենք՝ ձեզ մոտ, ձեզ հետ»։

«Որ չգայինք, կասեիք՝ մեկը չեկավ»,- հավելեց Անի Սամսոնյանը։ Վերջինս ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք հարգել են քաղաքացիների անհնազնդության ակցիան եւ Կապան գնում են այլ ճանապարհով:

Հիշեցնենք, որ երեկ էլ սյունեցիները փակել էին Կապանի օդանավակայանի հարակից տարածքը։ Սյունեցիների խոսքով՝ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը այդպիսով անցնելու է ադրբեջանական վերահսկողության տակ։

Երեկ պաշտպանության նախարարար Վաղարշակ Հարությունյանը մեկնել էր Սյունիք և հանդիպել մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ։ Նա նշել էր, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ավելի վաղ ՊՆ-ն նաեւ հայտնել էր, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ