Դավոսում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ նախատեսում է երեքշաբթի Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

«Այո, դա ոչ ֆորմալ հանդիպում է», – ասել է Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե այսօր կկայանա՞ նրա երկկողմ հանդիպումը նախագահ Ալիևի հետ։

Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե երբ կկայանա նրա զրույցն Ադրբեջանի նախագահի հետ` Փաշինյանը հայտարարել էր. «շատ շուտով»։

Իլհամ Ալիևն իր հերթին Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև լիաֆորմատ բանակցություններ դեռ չեն եղել, սակայն արդեն տեղի են ունեցել մի քանի «օգտակար զրույցներ»։

Նրա խոսքով, ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում կայացած այդ հանդիպումներն օգտակար էին կողմերի դիրքորոշումները սահմանելու և Ղարաբաղի հարցով բանակցություններն ակտիվացնելու համար։ Ալիևն ընդգծել է, որ երբեք չի խուսափել հայկական կողմի հետ կապերից այդ հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ Դավոսում մեկնարկել է համաշխարհային տնտեսական համաժողովը, որը կտևի մինչև հունվարի 25-ը: Այնտեղ է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Վարչապետը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ