Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացվեց

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացվեց:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց նրա խափանման միջոցի վերաբերյալ վերը նշված որոշումը։

Դատարանը մոտ մեկ շաբաթ քննում էր ինչպես Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության, այնպես էլ Գրիգորյանի կալանքի ժամկետն ավելի վաղ երկարացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքները:

Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:

Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):

Լրագրողների հետ զրույցում հսկող դատախազ Վահագն Մուրադյանն ասաց, որ դատարանը բավարարեց իրենց բողոքը եւ գրավը ճանաչեց անթույլատրելի: Մուրադյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի այսօր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ