Երևանի քաղաքապետարանը նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Նոր տեխնիկան մի քանի գործողություն կարող է իրականացնել. ձնամաքրումից բացի՝ դրանք նաև աղ ու ավազ ցանելու համար են նախատեսված, իսկ տարվա տաք եղանակներին կծառայեն որպես ջրցան մեքենաներ՝ ապահովելով երևանյան փողոցների մաքրությունը:
25 տարում, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է աղբահանության և սանմաքրման իր սեփական հավաքակայանն ունենում:
«Սա սկիզբն է և փոքր մասն է այն տեխնիկայի, որը ձեռք ենք բերելու: Առաջիկայում համայնքը կունենա նաև աղբահանության համար նախատեսված իր տեխնիկան: Հետագայում կլինի երկու կամ երեք օպերատոր, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, դրանցից մեկը նաև կարող է լինել հենց Երևան համայնքը: Բանակցություններն արդեն ընթանում են, որոնց արդյունքում տարվա ընթացքում համայնքը ևս կդառնա օպերատոր»,— նշել է Հայկ Մարությանը:
Մաքրություն՝ ողջ տարվա ընթացքում. ավտոարտադրող ընկերության այս կարգախոսով առաջնորդվելով էլ հատուկ տեխնիկան շուտով կհայտնվի երևանյան փողոցներում: