«Եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի հյուրեր,
Սիրելի հայրենակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Հաճելի է հանդիպել ձեզ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս ֆորումը և այս վայրը հնարավորություն են տալիս մեզ միմյանց հարցեր տալ, բացահայտել խնդիրներն ու գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան ավելի լավ տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև: Եվ մենք կարող ենք ու պետք է դա անենք միասին:

Առաջին հարցը, որին մենք պետք է պատասխանենք, հետևյալն է. որտե՞ղ ենք մենք: Նախքան ապագայի մեր տեսլականը ներկայացնելը՝ եկեք նախ ետ նայենք և քայլ առ քայլ ուսումնասիրենք այն ճանապարհը, որ մեր երկիրն անցել է և ինքներս մեզ հարցնենք` արդյոք մենք ուզո՞ւմ ենք գնալ այդ ուղով:

Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում: Հայաստանում վերջերս տեղի ունեցան պատմական վերափոխումներ: Անցյալ գարնանը տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց մեր երկրում ժողովրդավարության հաղթանակին:

Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները: Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են մեր ժողովրդի կամքի վրա և մեր հասարակության մեջ գերակշռող կոնսենսուսի վրա:

Այսօր մեր կառավարությունն աննախադեպ բարձր լեգիտիմություն և հանրային աջակցություն ունի: Այսպիսի բարձր հանրային վստահության հիման վրա Հայաստանի կառավարությունն ընդունել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որպես արդյունք, Հայաստանում իրավիճակը, ըստ էության, տարբերվում է նրանից, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ:

Մասնավորապես, կոռուպցիայի մակարդակը կտրուկ նվազել է. մենք գրեթե մերժել ենք մենաշնորհները. շատ լուրջ միջոցներ են ձեռնարկվել անկախ դատական համակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության և բոլոր տնտեսական ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ստեղծման համար:

Չնայած կարևոր ոլորտներում արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպիսիք են շուկայի մրցունակության ապահովումը և պետական հատվածում կոռուպցիայի վերացումը, դեռևս մեծ աշխատանք ունենք անելու: Այսօր մենք պետք է կատարենք մեկ այլ հեղափոխություն` տնտեսական հեղափոխություն, մեր ժողովրդի վստահությունը և ակնկալիքներն արդարացնելու համար:

ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին խոստումնալից էր. 2017 թ. արձանագրված 7.5 տոկոս աճը պահպանվել է 2018 թ. ընթացքում, իսկ կանխատեսումները գերազանցում են 5 տոկոսը: Հայաստանի արժույթի փոխարժեքը և գնաճը մնացին կայուն, դրանով իսկ ի ցույց դրվեց մեր տնտեսության կայունությունն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ:

 

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Նիկոլ Փաշինյան

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Նիկոլ Փաշինյան

Posted by 1in.am on Monday, January 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ