Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:
Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երևանյան ընկերությունն զբաղվում է հումքի վերամշակմամբ, և իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաև դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում:
Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար` ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր: Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը և պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր:
Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արևային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը և ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները:
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ` այն արդյունավետ իրականացնելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր
Posted by 1in.am on Monday, January 21, 2019