Դատախազությունը բողոքարկել է Միհրան Հակոբյանի, Արթուր Դանիելյանի ու ևս 9 անձի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու` դատարանների որոշումները

Դատախազությունը բողոքարկել է նոյեմբերի 19-ին և 20-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու գործով 11 անձանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ դատարանների որոշումները։ Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան՝ ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշված գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 11 անձ՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։ Վերջիններս ձերբակալված են եղել, ապա ազատ են արձակվել, քանի որ նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ։

Գործը քննվում է  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում։ Ըստ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկության՝ գործը վերաբերում է նոյեմբերի 19-ին Երևանի Ագաթանգեղոսի-Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում, նոյեմբերի 20-ին՝ Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոց պողոտաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի խումբ անձանց կողմից ապօրինի հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերին։

Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, հայտարարել են, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ