Արցախի չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի վեցամսյա սոցիալական աջակցություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալակն հարցերի նախարարությունից հայտնում են, որ շահառու կարող են դառնալ Հայաստանի և Արցախի այն քաղաքացիները, որոնք սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին կհյուրընկալեն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և առնվազն 3 ամիս այդ համայնքներում փաստացի բնակված քաղաքացիներին:

Արցախից հյուրընկալված յուրաքանչյուր քաղաքացու համար Հայաստանում կտրամադրվի 30,000 դրամ, Արցախում՝ 45,000 դրամ:

Ծրագրի շրջանակում հյուրընկալվող չի համարվում Հայաստանում կամ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։

Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝

1) 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,

2) 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

Դիմումի ընթացակարգի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ