Գյումրու բազան կածանցվի Արցախի ռուսական ռազմական ներկայությանը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Արցախում ռուս խաղաղապահները իրենց առաքելությունն իրականացնում են հակամարտող երկու կողմերի հետ աշխատանքով: Պեսկովը նշել է, որ չկա գլխավոր կողմ, կա երկու հակամարտող կողմ՝ հայկական և ադրբեջանական, որոնց հետ աշխատանքով էլ իրականացվում է խաղաղապահ առաքելությունը:

Պեսկովն անշուշտ դիվանագիտորեն հավասարեցնում է իրավիճակը, որովհետև գլխավոր կողմ անշուշտ կա, բայց դա ոչ Հայաստանն է, ոչ էլ Ադրբեջանը: Գլխավոր կողմը Ռուսաստանն է, ինչի մասին Պեսկովն իհարկե հայտարարել չի կարող, դիվանագիտորեն հարմար չէ: Գործնականում միջազգային անվտանգային համակարգի բոլոր դերակատարներն են միակարծիք, որ կովկասյան հերթական պատերազմն ավարտվել է ՌԴ հաղթանակով և ռեգիոնում Ռուսաստանի ռազմական ներկայացվածության շոշափելի աճով: Ընդ որում, շոշափելին լոկ քանակի հանգամանքը չէ, այլև որակի:

Արցախում ռուսական ռազմական ներկայությունը մի շարք պատմա- և աշխարհաքաղաքական գործոնների բերումով որակապես ավելին է, քան, օրինակ, մինչ այժմ եղած Գյումրու ռազմակայանի միջոցով եղած ռազմական ներկայությունը: Ավելին, Գյումրու ռազմակայանը խոշոր հաշվով Ռուսաստանի համար այլևս ավելի շուտ ածանցվելու է արցախյան ռազմական ներկայությանը կամ լինելու է Արցախում ռուսական՝ առայժմ դե ֆակտո ռազմական տեղակայման հավելյալ գործոն, ածանցյալ:

Միևնույն ժամանակ ակնառու է, որ Ռուսաստանի համար լոկ ռազմական ներկայությունը լինելու է փակուղի: Հնարավոր չէ պահել ռեգիոնը լոկ ռազմական ներկայությամբ: Դա նշանակելու է, որ Կովկասը Ռուսաստանի համար դառնում է լրջագույն դոտացիա պահանջող ռեգիոն, մինչդեռ Մոսկվայի ռազմավարական խնդիրը նկատելիորեն այլ է: Կրեմլը դիտարկում է, այսպես ասած, «համակեցության մոդելով» Կովկաս, որն ինքը կդառնա Ռուսաստանի սնուցման աղբյուր: Այլ կերպ ասած՝ Մոսկվայի ռազմավարական խնդիրը Կովկասի «տնամերձ» կարգավիճակն է, որին հասնելու համար պետք է իրականացվի դե ֆակտո «խորհրդայնացում»՝ իհարկե ժամանակին և աշխարհաքաղաքական նոր իրողություններին համարժեք ձևաչափերի և գործիքների շրջանակում:

Ասել, թե դա Մոսկվայի ռազմավարության միակ սցենարն է՝ կլինի միամիտ: Տերությունները չեն գործում մեկ սցենարներով: Սակայն նշմարելի է, որ այն հիմնականների կամ առաջնահերթերի շարքում է, որը առաջ է մղվում դարձյալ հայկական կյանքերի ու տարածքների հաշվին, ինչպես 100 տարի առաջ: Հայաստանն իհարկե ուներ 30 տարի՝ սխեմայի ավանդական ազդեցության տրամաբանությունից դուրս գալու համար, որովհետև սխեմայի գոտուց դուրս գալն իհարկե անհնար է զուտ ֆիզիկապես: Հայաստանը բավարար չօգտագործեց 30 տարին, ինչի համար հավասարապես պատասխանատու է հայկական քաղաքական ամբողջ դասը:

Ներկայումս իհարկե խնդիրն այն է, թե կա՞ Հայաստանում քաղաքական որակապես այլ ռեսուրս, որը հնարավորություն կտա, Ռուսաստանի աճող ազդեցությամբ հանդերձ, թույլ չտալ ռեգիոնի «խորհրդայնացում», երբ Հայաստանը վերստին հայտնվելու է «ծայրագավառի» կարգավիճակում՝ բոլոր առումներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ