Գյումրեցի Հարութն ասում է, որ հետագա կյանքն իմաստավորված պետք է ապրել՝ հանուն հրամանատարի ու ընկերների

19-ամյա Հարություն Եղոյանը պատերազմական օրերին ամենաթեժ մարտական կետերում էր: Հարազատներն օրերով լուր չունեին, հիմա արդեն տանն է։ Որոշել էր անակնկալ անել, բայց դեռ Գյումրի չհասած՝ հայրը գլխի ընկավ, որ տուն է գալիս։

Սամվել Եղոյան (Հարություն Եղոյանի հայրը) — Չեմ իմացել, մինչև իմացա, արդեն Հոռոմի խաչմերուկ էր, ճամփա եմ ընկել, որ վայրկյան շուտ երեխուս տեսնիմ:

Չգիտեի քունն ինչ բան է՝ անկեղծանում է հայրը, օրերով զանգի են սպասել, աղոթել, հիմա արդեն հանգիստ են։

Սամվել Եղոյան — Ինչ ճամփու եմ դրել, քուն բառը չիդեմ ինչ է, չեմ քնել, երեք օր է՝ քնում եմ։ Չի անջատվել իմ ուղեղը։

Արդեն երեք օր բոլորն են հանգիստ, ընկերները, բարեկամները այցելում են, Հարությունի մեծ տատն է անգամ Լոռուց մենակ հասել Գյումրի՝ հերոս ծոռանը տեսակցության։

Իսկ Հարութը լուռ է, քիչ է խոսում, չի շփվում, մտովի Արցախում է, ասում է միայն, որ մենք չենք պարտվել։

Հարություն Եղոյան — Մենք չենք պարտվել, հաստատ մենք չենք պարտվել։

Նա պատմում է մարտերում նահատակված հրամանատարի սխրանքը, հիշում մարտական ընկերներին: Մարտի դաշտում կորցրել է շատերին, բայց այդ մասին խոսել չի ուզում: Ընկածները հավերժ են։ Գյումրեցի զոհված ընկերոջ տուն էլ չի կարող գնալ։

Ի՞նչ է փոխվել պատերազմից հետո, Հարությունն ասում է՝ հիմա հավատում է հրաշքներին, դա պատահեց, երբ մեքենայով հայտնվեց թշնամու տանկերից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա ու փրկվեց:

Հրաշքից հետո կյանքը վերարժևորվեց։ Հարությունը հիմա ավելի շատ է սիրում Արցախը, հայրենի քաղաքը, տունը։

Զենքով ու աղոթքով։ Նա, ով իրեն պահել-պահպանել է փոքրիկ խորհրդանիշի տեսքով ծոցագրպանում է ու միշտ կպահի։

Ապագայի մասին հիմա ոչինչ ասել չի կարող։ Պլանավորում է վերադառնալ այնտեղ, որտեղ պահել են դիրքը:

Հարություն Եղոյան — Հա, կուզեմ երթամ, չեմ ուզե Հայաստան մեզի տեղափոխեն, Դրմբոն պտի երթամ:

Հետոն մնա հետոյին՝ ասում է Հարությունը։ Մի բան գիտի, կյանքը պետք է իմաստավորված ապրել հանուն հրամանատարի ու ընկերների, լավ երկիր պետք է կառուցել՝ նախևառաջ ամեն ինչ բանակին սկզբունքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ