Կապանում այսօրվա ակցիայի ժամանակ կրակոցներ հնչեցրած անձի ինքնությունը պարզվել է

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կապանի օդանավակայանի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ են արձակվել։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ժամը 12։30-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին՝ Կապանի օդանավակայանի հարևանությամբ քաղաքացիների կողմից ավտոճանապարը փակելու ակցիայի ընթացքում անհայտ անձը իր մոտ գտնվող զենքից մի քանի անգամ կրակել է օդ։

Գաբրիելյանի փոխանցմամբ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզվել է։ «Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, նախապատրաստվում են նյութեր»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ այսօր առավոտից սյունեցիները բողոքի ակցիա էին իրականացնում։ Սյունիքի անվտանգության ապահովման պահանջով նրանք փակել էին ավտոճանապարհը եւ պարզաբանում էին պահանջում պատկան մարմիններից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ