«Իմ քայլը» հիմնադրամը Ստեփանակերտում փոքրիկների համար Ամանորի տոնավաճառ կկազմակերպի

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք ծրագրերի մասին՝ օժանդակություն ՀՀ-ում գործող հումանիտար օգնության կայաններին, ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած դպրոցահասակներին համապատասխան փաթեթների տրամադրում (պայուսակ, գրենական պիտույքներ և այլն), ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի հղի կանանց ու նորածինների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում (մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի պարագաներ), փոքրիկ արցախցիների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպում Ստեփանակերտում, ամանորյա միջոցառումներ զինվորականների երեխաների համար Երևանում և ՀՀ մարզերում, ժամանակավոր հացատուն Արցախի այլ բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիների համար (բազմազավակ մայրերն ու իրենց երեխաները, միայնակ տարեցները, ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքները):

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու կարիքներին արձագանքելու հրատապությունը, ձեռնամուխ է եղել մի շարք միջոցառումների, աջակցության ծրագրերի իրականացմանը: Բոլոր միջոցառումները մշակվում և իրականցվում են ՀՀ և ԱՀ պետական համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ, կարիքների և պահանջարկի ուսումնասիրությամբ:

Սակայն, ունենալով հստակ գիտակցություն ու պատասխանատվություն առ այն, որ անհրաժեշտ է մարդկանց ապահովել արժանապատիվ միջավայր խնդիրները հաղթահարելու, ոտքի կանգնելու ու զարգանալու համար, հրատապ միջոցառումներին զուգահեռ մշակվում են նաև երկարաժամկետ ինքնաշխատ ծրագրեր, որ անպայմանորեն կբերեն դրական փոփոխություններ, մարդկանց կյանքի պայմանների բարելավում:

Մենք պետք է արժանապատվորեն՝ մեկս մյուսին սատարելով, գոտեպնդելով, հաղթահարենք ճգնաժամն ու նորից բռնենք զարգացման ուղին:

Լուսանկարում՝ Գորիսում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի երեխաներն են, հոկտեմբեր, 2020 թ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ