Վարչապետն ուղիղ եթերում բանաստեղծություն է կարդացել՝ շնորհավորելով Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը

 

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առիթով նրա պոեզիայի երկրպագուներին և առհասարակ ընթերցասեր հասարակայնությանը ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։

Դեռևս քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան, իսկ 24 տարեկանում գրած «Խոսք իմ որդուն» ստեղծագործությամբ արդեն ձեռք բերեց համազգային ճանաչում և ընդունելություն։ Այս պատգամ բանաստեղծությունն ինչ-որ տեղ դարձավ հայրենասիրության և հայապահպանության դրոշ ու կարգախոս թե’ մայր հայրենիքում, թե’ սփյուռքում։

Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով։ Նրա արձակը, հրապարակախոսությունը, նրա հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության։ Համոզված եմ, որ նոր սերունդը ուսանելի շատ բան կգտնի դրանցում։

Շնորհավորում եմ մեծանուն բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներին և ընդհանրապես մեր ընթերցասեր հասարակայնությանը այս գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ»,- ասված է Փաշինյանի ուղերձում։

Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, January 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ