«Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են…». Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զառա Ամատունին այս մասին ասաց նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում:

«Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝ չկարողացանք: ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել և չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված աշխատում ենք իշխանությունների հետ: Ընդհանրապես մեր աշխատանքը բավականին զգայուն իրավիճակներում է տեղի ունենում՝ յուրաքանչյուր դեպքով պատասխանատու իշխանությունների հետ կոնֆիդենցիալ ձևաչափով:

Միայն կողմերն են իրավասու հրապարակել գերեվարված անձանց տվյալները: Մենք միայն կարող ենք այս մարդկանց ճակատագրերը ուշադրության կենտրոնում պահել:Մեր տեսակցությունների մասին տեղեկացվում են նաև անազատության մեջ հայտնված անձանց ընտանիքները: Հոկտեմբերի կեսերից ճշտել ենք մի շարք գերեվարված անձանց տվյալներ, որոնց մասին տեղյակ ենք պահել նաև նրանց ընտանիքներին: Դիմում եմ այդ ընտանիքներին, որպեսզի կապի մեջ լինեն մեզ հետ»,- ասաց Ամատունին:

Ինչ վերաբերում է գերեվարված անձանց վերադարձնելու հարցում ԿԽՄԿ դերակատարությանը, Զառա Ամատունին ընդգծեց, որ նման գործառույթ ԿԽՄԿ-ն չունի:

«Մենք միջազգային իրավունքի պարտավորությունների ներքո կողմերին տեղեկացնում ենք այն մասին, որ գերեվարվածներին պետք է հեռու պահեն հանրային ուշադրությունից: Վերադարձնելու որոշում կարող են ընդունել միայն կողմերը, իսկ ԿԽՄԿ-ն միայն կարող է օգնել»,- նշեց Զառա Ամատունին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ