ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով նիստ կգումարի

ՀՀ ԱԺ խորհուրդն այսօր նիստ կգումարի՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով: Նիստը նախատեսված է ժամը 18:00-ին. այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է ԱԺ խորհրդի որոշման մեջ:

Սահմանադրության 95-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ