Նոր կանոններ սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-Ն հրամանը:

Մասնավորապես,

Հոգեհանգստի արարողություն, սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու, ով ապահովում է կազմակերպության ողջ տարածքում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը և այլն,

Կազմակերպության կողմից հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին շենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով,

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով,

Հուղարկավորության արարողությունից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում,

Հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրում ապահովվում է պատշաճ բնական օդափոխություն՝ օրական առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,

Oրական առնվազն երկու անգամ ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի մակերեսները 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասնակիցները պետք է զերծ մնան միմյանց հետ ֆիզիկական շփումից (համբուրվել, գրկախառնություն, ձեռքսեղմում), պարտադիր դնեն դիմակ, հնարավորինս պահպանեն հեռավորություն մյուսներից։ 60-ից ավելի մարդ չպետք է մասնակցի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը:

Աշխատողների համար ևս սահմանվել են նորմեր՝ նրանց ամենօրյա ջերմաչափման, կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների դեպքում ձեռնարկվելիք քայլերի մասով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ