«Քննվում է 200 մլն դոլարի չարաշահումների, վատնումների վերաբերյալ քրեական գործ». Նիկոլ Փաշինյան

Մեր գյուղատնտեսությունը շարունակում է չհամապատասխանել ժամանակակից պահանջներին՝ ոռոգման ջրի, վնասատուների դեմ պայքարի և այլնի առումով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսքան ասում ենք ստվերային տնտեսություն, բայց մեր երկրում կան ստվերային այգիներ: Այո, հեկտարներով այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, որ դրա համար հարկեր չվճարեն: Ամեն անգամ, երբ տարեսկզբին պլանավորում ենք ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալները, տարվա կեսին պարզվում է, որ դրանք սպառվել են, ոչ մեկը չի կարող բացատրել, թե որտեղ է ջրի քանակը, որոնք, ըստ պաշտոնական թվերի, մեզ պետք է բավականացներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կա նաև հակառակ երևույթը՝ հավելագրումների տեսքով:

«Սա կոնյակի արտադրության հետ է հիմնականում կապված: Հայկական կոնյակը բրենդ է, բայց ցավոք Հայաստանում դեռ կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ: Ներկրվում է սպիրտ, ներկայացվում են խաղողի կեղծ մթերումներ, ունենում ենք թվերի անհամապատասխանություն»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այս տարի իրենք խիստ են եղել, հավելագրումների մեխանիզմը բավարար չափով չի աշխատել, նաև դա է պատճառը, որ կա լուրջ անկում գյուղատնտեսական ոլորտում՝ տնտեսական աճի հետ կապված:

Ըստ նրա՝ այս տարի եղել է աննախադեպ երևույթ, Հայաստան լոլիկ է ներկվել Վրաստանից և այլ տեղերից, որովհետև առաջարկի ու պահանջարկի հաշվարկը չի կատարվել պատշաճ մակարդակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ